ՀՀ–ն կլիմայական մարտահրավերներին հակազդելու գործում առաջնորդվում է համերաշխության և արդարության սկզբունքներով․ ՇՄ նախարար

4 րոպեի ընթերցում

ՀՀ–ն կլիմայական մարտահրավերներին հակազդելու գործում առաջնորդվում է համերաշխության և արդարության սկզբունքներով․ ՇՄ նախարար

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող COP30-ի շրջանակում «Կլիմա-բնություն․ սիներգիկ կապի ամրապնդում COP30-ում» բարձրաստիճան միջոցառմանը Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի ազգային զեկույցն՝ անդրադառնալով երկրի կլիմայական խոցելիությանը, իրականացվող բարեփոխումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։ 

«Հայաստանը, լինելով լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր, զգալիորեն տուժում է կլիմայի փոփոխության հետևանքներից, որոնք անմիջական ազդեցություն են թողնում գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, առողջապահության և համայնքների կենսապայմանների վրա։ 

Սակայն, Հայաստանը կլիմայական մարտահրավերներին հակազդելու գործում առաջնորդվում է հավակնոտ, բայց միաժամանակ համերաշխության, արդարության և միջազգային համագործակցության սկզբունքներով»,–«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշել է Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին իրականացված էական բարեփոխումները՝ ընդգծելով Կլիմայի մասին համապարփակ  օրենքի մշակումը, երկխոսությունների և ռազմավարական փաստաթղթերի՝ ներառյալ  հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության և թարմացված՝ ավելի հավակնոտ երրորդ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների ( NDC ) ձևավորումը։ 

Առանձնացրել է վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում Հայաստանի առաջընթացը՝ նշելով, որ մեր երկիրը նախատեսում է մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրներից արտադրած էլեկտրաէներգիայի բաժինը հասցնել 50 տոկոսի, իսկ 2040-ին՝ մոտ 60 տոկոսի։ 

Միաժամանակ  ընդգծել է, որ ատոմային էներգետիկան շարունակում է մնալ Հայաստանի մաքուր և կայուն էներգետիկ համակարգի կարևոր բաղադրիչը՝ ապահովելով ինչպես կլիմայական նպատակների իրականացումը, այնպես էլ էներգետիկ անվտանգությունը։ 

Կարևորել է նաև անտառների վերականգնման և ընդլայնման լայնածավալ ծրագրերը, որոնք միտված են էկոհամակարգերի պահպանմանը, կենսաբազմազանության պաշտպանությանն ու համայնքների դիմադրողականության բարձրացմանը։

Հատուկ ընդգծել է , որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը՝ CBD COP17-ը, որը կարևոր հանգրվան է լինելու Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման  համաշխարհային վերանայման և գնահատման համար։ Այս համատեքստում  կարևորել եմ Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի խորացումը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կրճատումը փոխկապակցված ճգնաժամեր են, որոնք հնարավոր է հաղթահարել միայն միասնական, համակարգային և հավակնոտ  մոտեցումներով։

Նախարարն իր ելույթն ավարտել է՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել առաջընթացը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստել   կայուն զարգացմանն ուղղված գլոբալ գործողություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում