Հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները․ ՀՀ ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ: Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ 

«Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Անահիտ Մանասյանի խոսքերն են մեջբերված ՄԻՊ–ի գրասենյակի տարածած ուղերձում։ 

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները՝ առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը. 

«Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու գործում։ Մինչդեռ հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները, ձևախեղում մարդու իրավունքների ընկալումը և վտանգում իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի արդյունավետությունը»: 

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն: Քննարկման շրջանակում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։ 

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթացն ընկալել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու և տարածելու հնարավորություն՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։ 

Պաշտպանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաև Համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

Հայերեն

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան