Քաղաքականություն

Վաշինգտոնի գագաթնաժողովի 100-րդ օրվան ընդառաջ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն արձանագրել են պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ առաջընթացը

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի գագաթնաժողովի 100-րդ օրվան ընդառաջ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն արձանագրել են պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ առաջընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և ներդրումների խթանում: 

«Գոհունակությամբ կարող եմ նշել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ ու կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը»,- նշել է նախարար Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։

Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում