Պաղեստինյան խմբավորումները հանդես են եկել Գազայում ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող խաղաղապահ ուժեր տեղակայելու օգտին
1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ շարժումը, կարծում են, որ Գազայի հատվածում խաղաղապահ ուժերը պետք է ենթարկվեն միայն ՄԱԿ-ին, հակառակ դեպքում այդ ուժերը կվերածվեն օկուպանտերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում:
«Մենք կարծում ենք, որ ցանկացած միջազգային ուժեր պետք է լիովին ենթարկվեն ՄԱԿ-ին և գործեն բացառապես Գազայի պաղեստինյան պետական հաստատությունների հետ համակարգված», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պաղեստինյան խմբավորումները Գազայում զինաթափման և անկլավում օտարերկրյա ռազմակայանների ստեղծման դեմ են հանդես եկել։ Նրանց գնահատմամբ՝ հակառակ պարագայում տեղի կունենա Գազայի հատվածի «ինքնիշխանության անմիջական խախտում»:
Նոյեմբերի 17-ին Անվտանգության խորհուրդը կքվեարկի Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձևի նախագծի շուրջ: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը, փաստաթուղթը ներառում է դրույթներ, որոնք աջակցում են «միջազգային կայունացման ուժերին» և ապահովում «կայուն, անվտանգ, խաղաղ և բարգավաճ ապագա Գազայում՝ առանց ՀԱՄԱՍ-ի»: