Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Գերմանիայի 15 քաղաքի հեղինակավոր համերգասրահներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Գերմանիայի 15 քաղաքի հեղինակավոր համերգասրահներում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

Նվագախումբը Գերմանիա է մեկնում 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։ Ելույթները տեղի կունենան Գյոպինգենի, Քեմփթենի, Ֆիլինգեն-Շվենինգենի, Մանհայմի, Նյուրնբերգի, Ինգոլշտադտի, Դորտմունդի, Մյուլհայմ ան դեր Ռուրի, Աշաֆենբուրգի, Քյոլնի, Վիսբադենի, Էսսենի, Ֆիբելի, էրկելենցի, Էմդենի համերգասրահներում։   

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ նվագախումբը մեկնում է իր 20-րդ համերգաշրջանի ամենաերկար ճամփորդություններից մեկին։ «Մեզ համար շատ կարևոր ու պատվաբեր հյուրախաղեր են՝ ներկայացնելու Հայաստանը և մեր նվագախմբի կատարողական արվեստը Գերմանիայի խստապահանջ ունկնդրին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաքելություններից մեկը հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է աշխարհում, և այս հյուրախաղերը կարևոր խթան են այդ ճանապարհին։ Համերգային ծրագրերում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները»,- նշում է Սարգիս Բալբաբյանը։

Նվագախմբից տեղեկացրել են նաև, ոռաջիկա համերգները լուսաբանվում են գերմանական մամուլում ու այն քաղաքներում, որտեղ կայանալու են ելույթները, ինչը խոսում է նվագախմբի հեղինակության մասին։

Հյուրախաղերը Գերմանիայում կկայանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։   

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում