Աշխարհ

Գերմանիան զինվորական ծառայության նոր ծրագիր է համաձայնեցրել՝ զորքերի թիվն ավելացնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Գերմանիան զինվորական ծառայության նոր ծրագիր է համաձայնեցրել՝ զորքերի թիվն ավելացնելու նպատակով

Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը համաձայնության է եկել զինվորական ծառայության նոր ծրագրի շուրջ՝ ուղղված զորքերի թվաքանակը մեծացնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ ծրագիրը համաձայնեցվել է քաղաքական ուժերի միջև ամիսներ տևած վեճերից հետո։ 

Զինվորական ծառայության մասին նոր ծրագրի համաձայն՝ 18 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է լրացնեն հարցաթերթիկ՝ ծառայության համար իրենց պիտանիության վերաբերյալ, իսկ 2027 թվականից սկսած՝ նրանք պետք է անցնեն բժշկական զննում։

BBC-ն նշում է, որ Բեռլինը ձգտում է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ կանոնավոր բանակը։

Օրենսդիրները ծրագրի շուրջ քվեարկություն պետք է անցկացնեն մինչև 2025 թվականի վերջը։

Գերմանիայի ամենամեծ պաշտպանական ընկերության՝ Rheinmetall-ի ղեկավարը BBC-ին հայտնել է, որ իր կարծիքով՝ այդ նպատակին կարելի է հասնել հինգ տարվա ընթացքում։

Այս տարվա սկզբին կոալիցիա կազմելիս Ֆրիդրիխ Մերցի պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը  և ձախակենտրոն սոցիալ-դեմոկրատները համաձայնեցին վերականգնել զինվորական ծառայությունը, որը սկզբում կամավոր կլինի։

Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) այժմ ունի մոտ 182 000 զինվոր։ Զինվորական ծառայության նոր մոդելը նպատակ ունի այդ թիվը հաջորդ տարվա ընթացքում ավելացնել 20 000-ով՝ հետագա 10 տարիների ընթացքում հասցնելով 255 000-ից 260 000-ի, որին կավելանա մոտ 200 000 պահեստազորային։

2026 թվականից սկսած՝ բոլոր 18 տարեկան տղամարդկանց և կանանց կուղարկվի հարցաթերթիկ՝ գնահատելու նրանց հետաքրքրությունը և պատրաստակամությունը զինված ուժերին միանալու հարցում։ Այն պարտադիր կլինի տղամարդկանց և կամավոր՝ կանանց համար։ 2027 թվականի հուլիսից սկսած՝ բոլոր 18 տարեկան տղամարդիկ նաև պետք է բժշկական զննում անցնեն՝ ծառայության համար իրենց պիտանիությունը գնահատելու համար։

Եթե ​​կառավարության նպատակները չկատարվեն, խորհրդարանը կարող է քննարկել պարտադիր զորակոչի ինչ-որ ձև։ Եթե պատերազմ սկսվի, զինվորականները կկարողանան օգտվել հարցաթերթիկներից և բժշկական զննումների արդյունքներից՝ հնարավոր զորակոչի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում