Ռուսական կողմի որոշումը պայմանավորված չէ իրանական սերուցքի կամ հայկական կաթնամթերքի որակի նկատմամբ պահանջներով. ՍԱՏՄ ղեկավար
2 րոպեի ընթերցում

Իրանից Հայաստան ներմուծված սերուցքն անվտանգ է, այլապես ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգելեր դրա ներկրումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Նա նշեց, որ իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան արգելելու վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշումը պայմանավորված չէ այդ մթերքի անորակ կամ վտանգավոր լինելու հանգամանքով: Պարզապես ռուսական կողմը ցանկանում է զուրօրինակ Հայաստանից ստանալ տեղական հումքից պատրաստված կաթնամթերք:
«Այդ սերուցքն անվտանգ է, քանի որ ուլտրապաստերիզացված վիճակում է: Եթե վտանգավոր լիներ, միանշանակ չէր ներմուծվի Հայաստան: Նույն մթերքը նաև մենք ենք օգտագործում»,- հավաստիացրեց Տիգրան Պետրոսյանը:
Բանախոսն ընդգծեց, որ ներկայում Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է լաբորատոր փորձաքննություն, այդ թվում՝ սահմանային վերահսկողության ընթացքում:
«Եթե Հայաստան ներմուծվող ապրանքը չունենա ԵԱՏՄ պահանջներին համապատասխանող սերտիֆիկատ, ուղղակի թույլ չենք տա, որ այն մտնի երկիր: Բացառում եմ ապօրինի ճանապարհով անհայտ ապրանքի ներմուծումը Հայաստան: Եթե նման տեղեկատվություն լինի, պատրաստ ենք գնանք, ստուգել և տեղեկացնել այդ մասին»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:
Նա հայտնեց նաև, որ նախորդ երկու տարիների համեմատ 2025-ին Հայաստան է ներկրվել իրանական սերուցքի ամենաքիչ խմբաքանակը՝ 925 տոննա:
«Ռուսական կողմի հետ ունեցել ենք խոսակցություն: Իրենք այդ նույն իրանական սերուցքը ներմուծում են ՌԴ, պարզապես՝ ուղիղ Իրանից: Նրանց ցանկանում են, որ Հայաստանից Ռուսաստան ներմուծված հայկական կաթնամթերքը պատրաստված լինի բացառապես հայկական հումքից»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: