Յուրի Բուտուսովի հեղինակավոր «Ճայը» վերականգնված ներկայացմամբ կմեկնարկի Երևանի շեքսպիրյան միջազգային փառատոնը
8 րոպեի ընթերցում
Երևանի շեքսպիրյան միջազգային 17-րդ փառատոնը, որը կրում է «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագիրը, իր շուրջ է համախմբել հետաքրքիր և ինքնատիպ ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից և Լեհաստանից։
Փառատոնն այս անգամ կայցելի ոչ միայն Երևան, այլև Աշտարակ և Գյումրի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպասված փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի ականավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովի «Ճայը» ներկայացումը։
Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց՝ փորձել են ընդլայնել փառատոնի սահմանները։ Հենց այդ նպատակով են ընտրել Shakespeare & Co խորագիրը։
«Ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլև ռուս դասականների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ։ Հրաշալի են Մոլդովայից «Քեռի Վանյան», Ռումինիայի և Հունգարիայի համատեղ «Կենդանի դիակ» ներկայացումները, լեգենդար «Ճայը», որի ճակատագիրը բարդ էր»,-ընդգծեց Բալյանը՝ հիշեցնելով, որ «Ճայը» ինչ-ինչ պատճառներով երեք տարի չի եղել բեմում։
Տարիներ առաջ, երբ Բուտուսովը հյուրընկալվել է Շեքսպիրյան փառատոնին, Բալյանի հետ որոշել են, որ պետք է վերականգնի այն և բերի Հայաստան։ Չնայած Բուտուսովի անժամանակ մահվանը՝ չեն հրաժարվել այդ գաղափարից։ Ներկայացումն այժմ վերականգնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը։
«Վերջին տարիներին չեմ հիշում նման մասշտաբի ներկայացում, որը ստացել է հնարավոր բոլոր մրցանակներն ու մեծ հեղինակություն է վայելում թե՛ ռուս, թե՛ եվրոպացի հանդիսատեսի շրջանում։ Այս ներկայացումը դիտելու համար արտերկրից 200-ից ավելի հանդիսատես է Երևան եկել, ինչը ներկայացման համար մեծ հաղթանակ է»,-շեշտեց Բալյանը։
Անդրադառնալով շեքսպիրյան ներկայացումներին՝ նա տեղեկացրեց, որ մեծ դրամատուրգի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու «Փոթորիկ»-ը, «Ամառային գիշերվա երազ»-ը, «Մակբեթ»-ը։
Բալյանը ցանկանում է ավելի ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը՝ այն անցկացնելով «Շեքսպիրը և դասականները», «Շեքսպիրը և հայ դասականները» և այլ խորագրերով։ Ըստ նրա՝ եթե հիմա հայտարարի, որ անցկացնում է «Շեքսպիրը և հայ դասականները» խորագրով փառատոն, արտերկրից քիչ թատրոններ կկարողանան մասնակցել. դրան պետք է ժամանակի ընթացքում հասնել, դրա համար դեռ ճանապարհ է պետք անցնել։
«Սատիրիկոն» թատրոնի տնօրեն Ելիզավետա Գավրիլովան, խոսելով «Ճայը» բեմադրության մասին, ընդգծեց, որ այն բավականին մասշտաբային ներկայացում է, ոչ հասարակ, մեծ թվով դեկորացիաներով ու ոչ սովորական կենսագրությամբ։
«Ճայը» «Սատիրիկոն» թատրոնում ցուցադրվել է ավելի քան տասը թատերաշրջան և այդ ամբողջ ընթացքում գլխիվայր շրջել է թատրոնի մասին ցանկացած, նույնիսկ ամենաառաջադեմ պատկերացումները։
Նա ասաց՝ վերականգնել են ներկայացումը՝ հարգելով Յուրի Բուտուսովի հիշատակը։ «Ներկայացման մեջ ոչ մի շոշափելի փոփոխություն չենք արել։ Այն վերականգնել ենք զգուշությամբ ու մեծ հոգատարությամբ։ Սա նոր մեկանաբանություն չէ, նույն ներկայացումն է։ Մեզ համար ծանր է գիտակցել, որ Բուտուսովը մեզ հետ չէ, սակայն միշտ ներկա է ու կլինի»,-ասաց Գավրիլովան ու հավելեց՝ ներկայացումը երեք գործողությամբ է և բավականին երկար է, սակայն հանդիսատեսը մի շնչով կդիտի այն։
Փառատոնը պետական ֆինանսավորում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորեց այն փաստը, որ փառատոնը Եվրոպական շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է, ինչը նշանակում է, որ համապատասխանում է բարձր չափանիշների։
«Մշակույթը զարգացնելու համար անհրաժեշտ է տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, մշակույթի տարբեր ուղղություններով առաջ գնալ։ Կարևոր է ճանաչել նորը։ Թատերասեր հասարակությանը, թատերական գործիչներին պետք է օրինակներով ցույց տալ, թե ինչպես է հնարավոր հասնել բարձր արվեստին, իսկ պետությունը ցանկանում է ֆինանսավորել միայն բարձրորակ նախագծերը»,-ասաց փոխնախարարը։
Ըստ Դաիելյանի՝ Շեքսպիրյան փառատոնը մասնագիտական համայնքին հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են աշխատում արտերկրի գործընկերները, ինչ տեխնիկական լուծումներով, դրամատուրգիական մոտեցումներով են առաջնորդվում, ինչ թրենդային պիեսներ են բեմադրում և այլն։ Վստահ է՝ փառատոնը նաև մասնագիտական վերլուծությունների լայն հնարավորություն է ընձեռում։
Շեքսպիրյան փառատոնի սպասված հյուրերից է Շվեյցարիայից ժամանած բեմադրիչ Դորիան Ռոսսելը։ Նա ուրախ է, որ Հայաստանում է և մշակութային բացահայտումների նոր հնարավորություն ունի։ Ռոսսելի բեմադրությամբ փառատոնի հյուրերը կարող են դիտել Շեքսպիրի «Փոթորիկը»։
«Սա Շեքսպիրի վերջին պիեսներից է, որը պատմում է ազատության, ներողամտության մասին։ Այստեղ տասներկու հրաշալի արտիստների հետ ավելի քան երկու շաբաթ աշխատում ենք ներկայացման վրա, փորձեր ենք անում, և հույս ունեմ, որ հանդիսատեսը բավականություն կստանա բեմադրությունից»,-ասաց նա։
«Ճայը» և «Փոթորիկը» ներկայացումներից բացի, Շեքսպիրյան փառատոնի սպասված բեմադրություններից են Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի
Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների
«Կենդանի դիակ»-ը (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ»-ը (Հունգարիա)։
Փառատոնին կանցկացվեն նաև վարպետության դասեր։ Կարո Բալյանը հույս ունի մասնագիտական քննարկում և հատուկ հանդիպում կազմակերպել Կոնստանտին Ռայկինի հետ։ Ռայկինը ռուսական ժամանակակից թատրոնի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, որը մեծ ավանդ ունի թատերական արվեստի զարգացման գործում։
Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ կանցկացվի թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ. կբեմադրվի Վ. Շեքսպիրի «Փոթորիկը»:
Շեքսպիրյան փառատոնի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ 2016 թվականից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։
Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Եվրոպական շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն է տալիս տեսնել բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից: