Մադուրոն հաստատել է Վենեսուելայի համալիր պաշտպանության մասին օրենքը
3 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքն Ազգի համալիր պաշտպանության հրամանատարության մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Օրենքը սահմանում է երկրի սահմանադրությանը համապատասխան համալիր պաշտպանության հրամանատարության ստեղծում ազգային մակարդակով, յուրաքանչյուր նահանգի մակարդակով և հանրապետության 335 մունիցիպալիտետների մակարդակով», - հայտնել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում:
Բոլոր մակարդակների հրամանատարության առջև «խնդիր է դրված Ազգային բոլիվարյան զինված ուժերը պատրաստել գործողությունների ցանկացած պայմաններում», - նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ օրենքի ստորագրումից հետո պետք է կազմավորվեն և աշխատանքի անցնեն համալիր պաշտպանության հրամանատարությունները երկրի ամբողջ տարածքում:
Պաշտպանական դոկտրինի զարգացման ընթացքում ձևավորվել է համալիր պաշտպանության հայեցակարգը, որն ուղղված է խաղաղության պահպանմանը, ազգի համակողմանի զարգացմանը և ընդգրկում է հանրապետության պայքարի տարբեր ձևեր, պարզաբանել է պետության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Վենեսուելայի ժողովուրդը «պետք է ընդունի համալիր պաշտպանության հայեցակարգը՝ երաշխավորելու իր սահմանադրական իրավունքները»:
Վենեսուելայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից ներխուժման ամենալուրջ սպառնալիքին: Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի համար: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 000 զինծառայող և միջազգային ջրերում ոչնչացնում են արագընթաց նավակները՝ տախտակամածին գտնվող մարդկանցով՝ նրանց մեղադրելով Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության համար։
The New York Times թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչությանը թույլատրել է գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել հարվածներ հասցնել Վենեսուելայում թմրակարտելների օբյեկտներին: Սակայն հոկտեմբերի 31-ին Թրամփը հայտարարել է, որ չի քննարկում Վենեսուելայի տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը: