Նամականիշի մարում, հուշադրամի թողարկում և գրքի շնորհանդես. Ավետիք Իսահակյանի հոբելյանական միջոցառումները շարունակվում են
6 րոպեի ընթերցում
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 11-ին գրողի տուն-թանգարանում «Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց նրան նվիրված նամականիշը, իսկ Հայաստանի կենտրոնական բանկը թանգարանի ֆոնդին տրամադրեց մեծանուն հային նվիրված հուշադրամը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշը մարեցին Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրող, գրականագետ Ավիկ Իսահակյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ»-ի խորհրդի անդամ Վիկտորիա Պողոսյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Շուշան Ալեքսանյանի խոսքով՝ Իսահակյանին նվիրված նամականիշն ամենասպասվածներից է։ «Նրա գրականությունը սերունդների, ժամանակի սահմաններից դուրս է։ Այս նամականիշը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ վարպետին, այլև հնարավորություն է աշխարհին ցույց տալու, թե ով ենք մենք, ինչ արժեքներ ենք կերտել և ինչով ենք հպարտ»,-ասաց նա։
Ավիկ Իսահակյանն ուրախալի համարեց մեծ վարպետի պատկերը հայկական դրոշմանիշի վրա կրկին տեսնելը։ «Հայկական դրոշմանիշները հետաքրքիր պատմություն ունեն։ Նամականիշներից շատերի վրա իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել մեր մշակույթի, գրականության գործիչները։ Իսահակյանի նամականիշը կարող է նոր էջ բացել հայ ֆիլատելիայի պատմության մեջ, քանի որ նամականիշով նույնիսկ ամենափոքր ժողովուրդը հասնում է աշխարհի ամենահեռավոր ծայրերը։ Այն դառնում է յուրօրինակ դեսպան։ Մեծարելով մեր մեծերին՝ մեր անցյալն ենք մեծարում և հարգում»,-ընդգծեց Իսահակյանն ու հավելեց՝ մաղթում է, որ հայկական նամականիշները հնարավորինս լայն սփռում ունենան աշխարհում և լինեն մեր պատմության խոսուն փաստերը։
Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց, որ Իսահակյանի 125-ամյակին նորանկախ Հայաստանում թողարկվել է նամականիշ, իսկ խորհրդային տարիներին նամականիշ է մարվել՝ նվիրված մեծ գրողի 100-ամյակին։ Նա ընդգծեց, որ «Հայփոստ»-ը հայ մեծերից միայն չորսին է մի քանի անգամ անդրադարձել՝ Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան և Ավետիք Իսահակյան։ «Մինչ մեր հարևան պետությունը զբաղված է ֆիլատելիայի միջոցով պատմությունը կեղծելու գործով՝ ներկայացնելով տարբեր քարտեզներ, մենք շարունակում ենք մեր ֆիլատելիայով ներկայացնել մեր մեծերին, մեր ինքնությունը, պատմական տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները»,-շեշտեց նա։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով։ Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար տրամադրվել է 62 մլն դրամ։ Քոչարյանը հոբելյանական միջոցառումներից հատկապես կարևորեց Լայպցիգում Իսահակյանի հուշատախտակի բացումը։ Նա նշեց, որ նախատեսում են նման ծրագրեր իրականացնել եվրոպական այլ երկրներում ևս։
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը: Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի մարման արարողությունից հետո Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը տուն-թանգարանին և Ավիկ Իսահակյանին հանձնեց Իսահակյանին նվիրված ոսկե հուշադրամները։
«Կենտրոնական բանկը մշտապես մեծ տեղ է հատկացնում հայ անվանի անհատներին՝ հատկապես մշակույթի, արվեստի, գրականության գործիչներին, իսկ Ավետիք Իսահակյանն իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում մեր ժողովրդի պատմության մեջ։ Նա իրապես ազգային գործիչ է եղել ու անջնջելի հետք է թողել ազգապահպանությանը նվիրված առաքելություններում»,-շեշտեց Նահապետյանը։
Միջոցառմանը կենդանի կատարմամբ հնչեցին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, ցուցադրվեցին Իսահակյանի կենդանության օրոք նկարահանված բացառիկ կադրեր, ինչպես նաև տեղի ունեցավ «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Թողարկման օրը` 11 նոյեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.