Չորս նոր գիրք, թատերական ընթերցում, համերգային ծրագիր. կանցկացվի Francofest գրքի փառատոնն ու «Գոնկուր»-ի հայաստանյան փուլը
4 րոպեի ընթերցում

Ֆրանսալեզու գրականությունն ավելի մոտ հայ ընթերցասերներին․ նոյեմբերի 15-ին Երևանում անցկացվելու է արդեն սպասված Francofest 2025 միջազգային գրքի փառատոնը և հեղինակավոր միջազգային գրական մրցույթի՝ «Գոնկուր»-ի, ազգային հայաստանյան փուլը։ Հայաստանը պաշտոնապես միացել է «Գոնկուր»-ի միջազգային ընտրությանը՝ դառնալով այն իրականացնող 39-րդ երկիրը։ «Գոնկուր»-ը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցույթն է, որը 1903 թվականից ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը կարևոր իրադարձություն համարեց Հայաստանի՝ «Գոնկուր»-ի միջազգային ընտրությանը միանալը։

««Գոնկուր»-ը Ֆրանսիայի գրական աշխարհի ամենահեղինակավոր մրցույթն է։ Այնքան տարածում է գտել, որ տարբեր երկրներում անցկացվում է ազգային «Գոնկուր»։ Նախորդ տարվանից սերտ համագործակցության արդյունքում այս գործընթացին միացել է նաև Հայաստանը՝ կատարելով իր ազգային ընտրությունը։ Սկզբունքը բոլոր երկրներում նույնն է, ֆրանկոֆոն ուսանողներից բաղկացած ժյուրին ընթերցում է «Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գիրք, որից ընտրվում է հաղթողը»,-ասաց Դավիդ Տյուրսը։
Ընթացիկ տարվա մարտին հայտնի էր դարձել «Գոնկուր» Հայաստանի հաղթող ստեղծագործությունը, այն է Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է, որը հայերեն թարգմանությամբ ներկայացվելու է հայ ընթերցասերներին Francofest 2025 միջազգային գրքի փառատոնի շրջանակում։ Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյան նշեց, որ փառատոնին ներկայացվելու է ևս 3 բեսթսելլեր։

«Ներկայացնելու ենք Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» ստեղծագործությունը, որը 90-ականների մասին է և արժանացել է «Գոնկուր» մրցանակի։ Ասեմ, որ այս տարի Հայաստան է ժամանում ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, որը ներկա կլինի իր՝ «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։ Եվ, իհարկե, քանի որ սա ֆրանկոֆոն գրականության փառատոն է, հետևաբար հեղինակները ոչ միայն Ֆրանսիայից են, այլև ֆրանկոֆոն աշխարհից։ Ըստ այդմ, 4-րդ գիրքը շվերյցարացի գրող Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» վեպն է, որը մեգաբեսթսելլեր է եղել ամբողջ աշխարհում»,-ասաց Արտակ Ալեքսանյանը։
Նա ուրախությամբ նշեց, որ Francofest-ի բոլոր գրքերը, որոնք նախորդ տարիներին ներկայացվել են, Հայաստանում ոչ միայն դարձել են բեսթսելլեր, այլև իրենք ստիպված են եղել վերահրատարակել։
Անդրադառնալով «Գոնկուր»-ին Հայաստանի մասնակցությանը՝ Արտակ Ալեքսանյանը նշեց, որ այն կարևոր է մի քանի մակարդակում։ Նախ` ընթերցողների համար, որոնք հնարավորություն են ունենում տեսնել արդեն մրցանակ ստացած հետաքրքիր, որակյալ, նոր ստեղծագործություններ։ Հայ գրողները կարող են տեսնել, թե ինչ նոր բովանդակություն են ստեղծվում ֆրանկոֆոն աշխարհում։ Հաջորդ մակարդակն արդեն ինդուստրիան է։ Արտակ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ այս հարթությունում ևս դրական տեղաշարժ կլինի։
Սպասվող միջոցառման շրջանակում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, թատերական ընթերցում և համերգ: Թատերական քննարկումը կվարի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ դերասանների մասնակցությամբ, որից հետո կլինի ընթերցում՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը»-ը: Մյուս պանելային քննարկման թեման է «Նոր կրթությունը Հայաստանում և Ֆրանսիայում»:
Միջոցառման մուտքն ազատ է:
