Էկվադորի բանտում մեկ օրում ավելի քան 30 կալանավոր է մահացել
1 րոպեի ընթերցում

Էկվադորի Մաչալա քաղաքի բանտում խռովության և անկարգությունների հետևանքով նոյեմբերի 9-ին առնվազն 31 կալանավոր է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
SNAI բանտային գործակալության X-ի էջում արված հրապարակման մեջ նշվում է, որ 27 կալանավոր մահացել է շնչահեղձությունից և կախաղանի միջոցով։ Մահվան պատճառների մասին այլ մանրամասներ չեն տրամադրվում:
Իշխանությունները հետաքննում են պատահարը։
Ավելի վաղ SNAI-ն հայտնել էր նույն բանտում խռովության մեկ այլ պատահարի հետևանքով ևս չորս բանտարկյալի մահվան մասին։
Սեպտեմբերին Էկվադորի նույն բանտում հանցագործների խմբերի միջև տեղի ունեցած անկարգության հետևանքով 14 մարդ զոհվել էր, ևս 14-ը վիրավորվել։ Մի քանի օր անց ևս 17 մարդ էր զոհվել Էսմերալդաս քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգության ժամանակ։