Մշակույթ

Քարաշխարհի լեզուն՝ անհատի հետ երկխոսելու յուրահատուկ միջոց. Արմեն Ռոնովի «Ստրատումիզմ» ցուցադրությունը՝ Երևանում

5 րոպեի ընթերցում

Քարաշխարհի լեզուն՝ անհատի հետ երկխոսելու յուրահատուկ միջոց. Արմեն Ռոնովի «Ստրատումիզմ» ցուցադրությունը՝ Երևանում

Գեղանկարիչ, ռեժիսոր Արմեն Ռոնովը, որն ապրում ու ստեղծագործում է արտերկրում, վերջին անգամ անհատական ցուցահանդեսով Հայաստանում ներկայացել էր 2023 թվականին: Այդ ժամանակ հեղինակն առաջին անգամ արվեստասերների դատին հանձնեց «Ստրատումիզմ» ցուցադրությունը: Այն վերադարձել է Երևան՝ համալրված նոր հույզերով, ապրումներով ու գույներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին A1 art space-ում։

«Շերտերին, որոնք կան բոլոր աշխատանքներում, այս տարիներին միացել է նաև պրոտոնային էներգիան, որի կորուստը մարդկությունը զգում է, քանի որ տիեզերքի հետ բախումների մեջ է: Սև անցքերը գրավյալ են դարձել, և ակնհայտ է մեր էներգիաների կորուստը: Հասկացա, որ շերտերին անհրաժեշտ են հավելումներ, պետք է ներարկել  էներգիաները՝ դարձնելով շարժում, դարձնելով կյանքի մի մաս, որ մարդը կարողանա այդ սնունդը ստանալ: «Ստրատումիզմ»-ի միջոցով մենք վերականգնվում ենք»,-նշում է Ռոնովը:

Նկարիչը ներգրաված է այն խմբերում, որոնք ուսումնասիրում են աստերոիդները: Հենց այդտեղից է վերցնում հումքը, որը խնկված օգտագործում է իր ստեղծագործություններում: Ասում է՝ մնացյալը գաղտնիք է: 

Ռոնովն ակադեմիական ոճով է ստեղծագործել, սակայն փոխել է այն համավարակից հետո: 2020-ին, երբ վարակվել է կորոնավիրուսով, մեծ սթրես է ապրել: Հենց այդ ժամանակ ծխախոտի ծխի, օղու, տարբեր քարերի կիրառմամբ ստեղծել է այս ոճի գործերից առաջինը: Կարծում է՝ այն ուժը, տիեզերական բախումը, որոնք կան իր գործերում, օգնել են ողջ մնալ: 

Ռոնովի աշխատանքներում գերակշռում են սևը, սպիտակը, կարմիրն ու կապույտը: «Օգտագործում եմ միայն բնության գույները, այն բյուրեղները, որոնք ծնում է բնությունը. ոչ մի այլընտրանքային գույն չկա: Եթե ուշադիր դիտեք այս գործերը, կնկատեք ներդաշնակությունը»,-ասում է նկարիչը:

Ստրատումիզմը՝ քարաշխարհի արվեստը, նոր ուղղություն է գեղանկարչության և գրաֆիկայի ոլորտում: Այն ուղեցույց է դեպի բնաշխարհ, որտեղ մարդն ինքն է մտորում, թե ինչ է ստեղծել իր տեսլականով։

Ցուցահանդեսի համադրող Սերո Սողոմոնյանի խոսքով՝ վերջին տարիներին Ռոնովը ստեղծել է իր հեղինակային տեխնիկան: «Այն հիմնված է հողային, երկրային միներալների, քարերի և նման այլ նյութերի վրա: Այդ գաղափարախոսության վրա հեղինակը մշակել է մանիֆեստ, ինչի արդյունքում ստացել է նման հետաքրքիր աշխատանքներ՝ օգտագործելով բացառապես բնական նյութեր: Ցուցահանդեսը փոքր է, բայց ամբողջությամբ ներկայացնում է հեղինակի աշխարհը»,-նշում է Սողոմոնյանը:

Համադրողը վստահեցնում է՝ ցուցադրությանն այցելելիս պետք փորձել որսալ այն հույզերը, որոնք փոխանցում են աշխատանքները: «Այս ստեղծագործություններն ուղիղ աշխատում են մարդու հոգեբանության հետ, առնչվում են նրա ներքին էմոցիոնալ խնդիրներին: Հոգեբանության մեջ գոյություն ունի «գեշտալտ» հասկացությունը: Ասում են գեշտալտը բացել կամ փակել, այսինքն՝ հոգեբանական որոշ խնդիրներ բացել կամ փակել: Այս գործերն օգնում են ընկալել այդ խնդիրներն ու փակել դրանք, ուստի արվեստասերները, ցուցադրությանն այցելելով, բացառապես էմոցիաներ են որսալու»,-շեշտում է նա:

Ցուցահանդեսի շրջանակում հյուրերին անակնկալ էր սպասվում: Արմեն Ռոնովը ներկայացրեց մի փոքրիկ պերֆորմանս՝ ներկաներին հնարավորություն տալով «հայտնվել» նրա արվեստանոցում ու հետևել, թե ինչպես են ծնվում մի շարք աշխատանքներ:

Արմեն Ռոնովը, որի աշխատանքները ներկայացված են պետական և մասնավոր տարբեր հավաքածուներում, մասնակցել է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի անհատական և խմբակային ցուցահանդեսների: 2009 թվականից Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է:

Շուտով մեկնելու է ԱՄՆ: Հույս ունի Հայաստան վերադառնալ նոր գաղափարներով ու ծրագրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում