Հաղորդակցության ոլորտում ԲԴԽ-ի կողմից իրականացված բարեփոխումները հեշտացրել են աշխատանքը դատական իշխանության հետ. Երանուհի Թումանյանց
9 րոպեի ընթերցում

Հայաստանում դատական ատյանների և զանգվածային լրատվամիջոցների միջև ներդաշնակ համագործակցությունն ու հաղորդակցության հետ կապված հարցերն իրենց կարևորության շնորհիվ արդեն ստացել են ռազմավարական նշանակություն և գտնվում են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) առաջնահերթությունների թվում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն՝ անդրադառնալով ռազմավարական հաղորդակցության ոլորտում տվյալ կառույցի կողմից իրականացված բարեփոխումներին։
«Ռազմավարական հաղորդակցության առումով մենք ընդհանրապես մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում փորձում ենք մշակել արդյունավետ ռազմավարություն և արդեն կատարել ենք որոշակի աշխատանքներ։ Թեև ծրագիրը ԱՄՆ-ի ՄԶԳ ծրագրի փակման պատճառով ավարտին չհասցվեց, սակայն հույս ունենք, որ շվեդ գործընկերների հետ կկարողանանք այն հասցնել վերջնական ավարտին։ Դեռևս 2019 թվականին վերանայվեց ԲԴԽ-ի որոշումը, որը վերաբերում էր ԶԼՄ-ների հետ մեր կառույցի ու դատարանների փոխհարաբերությունների կանոնները հաստատելուն։ Այս պահի դրությամբ՝ փորձել ենք լրագրողների, դատավորների և այլ գործընկերների կողմից բարձրացված հարցերը լուծել»,-ասաց Թումանյանցը։
Նա մասնավորապես անդրադարձավ այն փոփոխություններին, որոնց շուրջ նախատեսված են հանրային, մասնագիտական լայն քննարկումներ, որպեսզի պարզ ու հստակ լինի, թե որքանով է հեշտացվել աշխատանքը լրագրողների համար, և որքանով են արդյունավետ նաև կառուցվածքային փոփոխությունները, որոնք բերվել են դատական դեպարտամենտ։ Թումանյանցի հավաստմամբ՝ արդեն իսկ դրական արձագանք կա լրագրողների շրջանում հատկապես դատական ատյանների խոսնակների ցանցի ստեղծման առումով։
«Եթե դուք բացեք ԲԴԽ-ի 2019 թվականի նախկին որոշումը, ապա կտեսնեք, որ կային որոշակի կրկնություններ, խրթին ձևակերպումներ։ Փաստորեն գրվել էր մի փաստաթուղթ լրագրողների համար, որը պարունակում էր իրավաբանական բարդ լեզու։ Նախ մեզ հաջողվեց շվեդ գործընկերների, միջազգային փորձագետների ներգրավմամբ տեքստը դարձնել ավելի մատչելի, որպեսզի լրագրողները հստակ պատկերացնեն, թե ինչպիսի կանոններ են գործում։ Երկրորդը լրագրողների միջև հավասարության սկզբունքի հստակ ամրագրումն է և թափանցիկության ապահովումը։ Նախկինում ունեինք հավատարմագրման կարգ։ Յուրաքանչյուր նիստից առաջ կազմվում էր ցանկ։ Թեև կար այդ հավատարմագրման կարգը, բայց գործնականում ունեինք անարդյունավետ գործող մեխանիզմ»,-նշեց ԲԴԽ անդամը։
Թումանյանցը հավելեց, որ հավատարմագրման նախկին կարգը հանվեց, և այժմ ԲԴԽ մուտք գործելու համար լրագրողը տեղեկացվում է համապատասխան խոսնակի կամ համապատասխան ծառայության ղեկավարի միջոցով։ Այդ առումով ընթացակարգը պարզեցվել է։
«Մյուս կարևոր հարցն առնչվում էր դատավորների ու ԶԼՄ-ներ հարաբերություններին։ Մենք ունեինք հստակ խնդիր, որի մասին բարձրաձայնում էին դատավորները։ Նրանք որոշ չափով չէին հասկանում, թե ով էր պատասխանատու, օրինակ, հարցումների համար, ուստի ստեղծվեց խոսնակների ցանցը, ամրագրվեցին նոր կարգավորումներ, որոնցով հստակեցված են թե՛ դատական ատյանների խոսնակներ, թե՛ դատավորների անելիքները։ Շվեդ գործընկերները խորհուրդ տվեցին, որ, այնուամենայնիվ, լրագրողը պետք է հնարավորություն ունենա ուղիղ կապ հաստատել դատավորի հետ, սակայն վերջինս է որոշում ուղիղ կապի դուրս գալ լրագրողների հետ կամ այդ հարցում ուղղորդել խոսնակին։ Ըստ այդմ՝ մենք ունեցանք կարգավորում խոսնակների մասով և հիմա հստակ գիտենք, թե որ հարցերի համար են նրանք պատասխանատու»,- մանրամասնեց Թումանյանցը։
Նրա հավաստմամբ՝ նախկինում խրթին կարգավորումներով ու լրագրողների համար հակասական ձևակերպումներով պայմանավորված խնդիրները նոր որոշմամբ լուծվել են։ Գործնականում դատական ատյանների խոսնակների ցանցի ստեղծումը հեշտացրել է աշխատանքը դատական իշխանության հետ։
«Լրագրողներն այժմ անմիջապես կապվում են խոսնակների հետ, ովքեր թե՛ դատական դեպարտամենտի ռեսուրսներն օգտագործելով, թե՛ դատավորների ու նրանց աշխատակազմերի ղեկավարների հետ անմիջական կապ ունենալով՝ կարողանում են օպերատիվ ինֆորմացիան փոխանցել լրագրողներին։ Ունենք քաղաքացիական, քրեական, վարչական և հակակոռուպցիոն բլոկներ, և ըստ այդմ էլ գործում են չորս խոսնակներ»,-պարզաբանեց ԲԴԽ անդամը։
Անդրադառնալով հանրության կողմից դատական ատյանների նկատմամբ վստահության բարձրացման խնդրին՝ Թումանյանցն ընդգծեց, որ հասարակություն և դատական իշխանություն կապի խթանումը հենց միտված է այդ վստահության բարձրացմանը։
«Երբ ունենք կապի խզում, բնականաբար կա նաև վստահության հետ կապված խնդիր։ Դրանք փոխկապակցված երևույթներ են։ Ինչ վերաբերում է ընդհանրական քայլերին, ապա դրանք բազմաթիվ են, և իրականում դատական իշխանության պարագայում կապված են յուրաքանչյուր դատավորի ամենօրյա աշխատանքի ու վարքագծի հետ։ Ինչպես որ նրանք ինքնադրսևորվեն, դրանից էլ կախված կլինի վստահության աստիճանը։ Կա ևս մեկ ցուցիչ։ Մարդիկ սկսել են ավելի շատ դիմել դատարաններ ու դատական կարգով լուծել վիճահարույց խնդիրները։ Եթե չվստահեին, ապա չէին դիմի։ Շատ հաճախ զրպարտության և վիրավորանքի դեպքերը ոչ թե լուծվում են վենդետաների կամ այլ հակաօրինական տարբերակների միջոցով, այլ նախընտրում են վեճերը հարթել դատարանի միջոցով»,-ասաց Թումանյանցը։
Նրա խոսքով՝ դատական հայցերի թվաքանակի աճն ակնհայտ է՝ ի տարբերություն 10-15 տարի առաջ եղած ցուցանիշների։ Հիմա որոշ դատարաններում կա հայցադիմումների կրկնակի, եռակի աճ։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վարչական դատարանում անցյալ տարի գրանցվել է 50 տոկոսի աճ նախորդ տարվա համեմատ։ Ինչ վերաբերում է քրեական դատարաններին, ապա որոշ մարզերում կա հայցադիմումների եռակի աճ։ Քրեական գործերի համատեքստում շատ ծանրաբեռնված են գործում Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզային դատարանները։
Խոսելով դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու միջոցների մասին՝ Թումանյանցն ասաց, որ թեև առաջին հայացքից թվում է, թե դատավորների թվաքանակի ավելացումը կարող է դիտարկվել որպես հարցի լուծում, բայց մյուս կողմից էլ պետք է մշտապես մտածել այլ մեխանիզմների մասին, ինչպիսին է, օրինակ, քաղաքացիական գործեր քննող դատարանների բեռնաթափումը։
«Դատավորների թվաքանակի աճն արդյունավետության ու ռեսուրսների կառավարման տեսակետից չի կարող ապահովել օգտակար գործողության բարձր գործակից։ Արժե՞ հարկ վճարել մի գործի համար, որը կարող է անել նոտարը՝ ինքնուրույնաբար լուծելով իր զբաղվածության հարցը։ Պետությունը գումար չի ծախսում նոտարին աշխատավարձ հատկացնելու համար, չի վճարում տարածքի վարձակալության համար, մինչդեռ դատավորի աշխատանքը պետության համար բավականին թանկ հաճույք է։ Դրանք սոցիալական բարձր երաշխիքներն են, աշխատավարձն է, աշխատակազմի հետ կապված ծախսերն են»,-ասաց Թումանյանցը։
Նրա պնդմամբ՝ դատավորների թվաքանակի աճը պետք է դիտարկել մնացած բոլոր օրենսդրական կարգավորումների, ճիշտ լուծումներ գտնելու տրամաբանության մեջ։
«Հույս ունենք ծանրաբեռնվածության խնդիրը լուծել ոչ միայն դատավորների քանակի մեխանիկական աճի, այլ նաև համալիր գործողությունների շնորհիվ։ Օրինակ՝ արդյունավետ քայլ կարող է դիտվել էլեկտրոնային արդարադատության մեխանիզմի, դրա ավելի լավ գործիքակազմի ներդրումը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները, որոնք կհեշտացնեն դատավորների ու քաղաքացիների կյանքը»,-եզրափակեց ԲԴԽ անդամը։
