Մարզեր

Արեգունիում անցկացվեց աշնանը նվիրված մշակութային միջոցառում

3 րոպեի ընթերցում

Արեգունիում անցկացվեց աշնանը նվիրված մշակութային միջոցառում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց աշնանային բերքի տոնին նվիրված մշակութային միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանը, միջոցառումը կրում էր «Աշունն Արեգունիում» խորագիրը։ 

Այն կազմակերպվել էր դպրոցի  մանկավարժական, ծնողական  և  աշակերտական խորհուրդների  նախաձեռնությամբ՝ աշնան գեղազարդ մթնոլորտում արժևորելու ազգային մշակույթն ու ավանդույթները։

Մշակութային տոնին մասնակցեցին «Ակունքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայի, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի, «Վարդենիսի թիվ 2 երաժշտական դպրոցի ներկայացուցիչները։  Աշակերտներն ու ուսուցիչները տաղավարներով ներկայացրին Արեգունու մշակույթի հմայքը՝ ազգային կերակրատեսակներով, քաղցրավենիքներով, ձեռագործություններով և ավանդական ճաշատեսակներով, որոնք բնորոշ են գյուղի վերաբնակեցված ժողովրդին։

Ներկայացվեցին նաև Մեծ Մասրիկի կերպարվեստի ստուդիայի և Արեգունու միջնակարգ դպրոցի աշակերտների  գեղեցիկ նկարները, որոնք արտահայտում էին աշնան գույներն ու հայրենի հողի շունչը։

Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Դպրոցի տնօրենը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ պատմելով Արեգունու կյանքի, ավանդույթների և առօրյայի մասին՝ ընդգծելով համայնքի համերաշխության ու մշակույթի պահպանման կարևորությունը։ Նա նշեց, որ Արեգունու համայնքապետարանի և համայնքի հետ համագործակցությունը միշտ է արդյունք տալիս։

Միջոցառման  հյուրերն էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի  ներկայացուցիչները, ովքեր իրենց ելույթներում արժևորեցին համայնքային համագործակցության և մշակութային կապերի ամրապնդման գաղափարը։

Օրվա ավարտին Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց վերոնշյալ մշակութային կենտրոնների տնօրեններին և «Նուռ» պարային համույթի անդամներին՝ մշակույթի պահպանման և սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար։

«Այս միջոցառումը  դարձավ մշակույթի, հավատքի և համերաշխության տոն՝ միավորելով տարբեր կենտրոնների ստեղծագործ մարդկանց, աշակերտներին ու համայնքի անդամներին՝ մեկ գաղափարի շուրջ»,-նշեց Ամալյա Պատվականյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում