Վարչապետը քաղաքացիներին առաջարկում է ծանոթանալ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությանը և տեխնիկային
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների խմբերի համար առաջարկել է կազմակերպել փակ ցուցադրություններ, որոնց ընթացքում կներկայացվեն վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ինժեներական նորարարությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ցուցադրությանը մասնակցողները պետք է համաձայնվեն կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը։
«ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»,-գրել է նա։
Վարչապետը նշել է, որ քաղաքացիների խմբերը պետք է կազմեն մասնակիցների ցուցակ՝ անձնագրային տվյալներով, և ուղարկեն [email protected] էլ․փոստի հասցեին, նշեն խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի համար, մասնակցության օրն ու ժամը կսահմանի Կառավարության ներկայացուցիչը։
Փաշինյանի տեղեկացմամբ՝ ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից և նշված հասցեին ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում։