Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պարգևատրեց աշխարհի Քիքբոքսինգի առաջնության մրցանակակիր մարզիկներին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել, շնորհավորել ու շնորհակալագրով պարգևատրել է այս տարվա հոկտեմբերի 8-14-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած Քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մրցանակակիր մարզիկներին՝ Ձորագյուղի հիմնական դպրոցի աշակերտներ Գրիգոր Սաֆարյանին, Խաչիկ Խլղաթյանին, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Խաչիկ Ասատրյանին և նրանց մարզիչ Արաքս Մարգարյանին։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գրիգոր Սաֆարյանը աշխարհի առաջնությունից տուն է վերադարձել ոսկե, Խաչիկ Խլղաթյանը՝ արծաթե, Խաչիկ Ասատրյանը՝ բրոնզե մեդալով։
Մեկ տարի առաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած աշխարհի առաջնությունում նույնպես փայլել էին այս մարզիկները. Գրիգոր Սաֆարյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Խաչիկ Ասատրյանը դարձել էր արծաթե, Խաչիկ Խլղաթյանը՝ բրոնզե մեդալակիր։
Գրիգոր Սաֆարյանն ու Խաչիկ Խլղաթյանը մարզվում են Ձորագյուղի մշակույթի կենտրոնում, Խաչիկ Ասատրյանը՝ Գավառի մարզադպրոցի Գանձակի մասնաճյուղում։
Երեք մարզիկներն էլ իրենց քաշային կարգերում քանիցս դարձել են Հայաստանի ու Անդրկովկասի առաջնությունների չեմպիոններ՝ որակավորվելով աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում։ Գրիգոր Սաֆարյանը 9 տարեկան է , Խաչիկ Խլղաթյանը՝ 8, Խաչիկ Ասատրյանը՝ 13։
Կարեն Սարգսյանը զրուցել է մարզչի ու մարզիկների հետ, շնորհակալություն հայտնել նրանց՝ միջազգային ստուգատեսներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար, հետաքրքվել մարզումների հաճախականությամբ ու պայմաններով, մրցանակակիր մարզիկների ուսման առաջադիմությամբ, ապա նրանց մաղթել նորանոր հաջողություններ հեղինակավոր գալիք մրցաշարերում։