Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը
2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշվել են նաև Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ հռչակելու հիմքերը։
«Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
ե/ Անհարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով։
Տեր Տարոն քահանա Հունանյանը նոյեմբերի 4-ին հրավիրվել էր Մայր Աթոռ՝ մասնակցելու կարգապահական հանձնախմբի նիստին, որտեղ պետք է քննարկվեր իր հարցը։ Տեր Տարոն քահանա Հունանյանը ժամանել էր Մայր Աթոռ, սակայն հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հրաժարվել է մասնակցել իր հարցի քննարկմանը։ Նա իր քայլը հիմնավորել էր կարգապահական հանձնախմբի կազմով, որը պետք է քննարկեր իր հարցը։ Նրա խոսքով՝ նախ պետք է քննարկվեն այդ կազմի կարգապահական հարցերը, նոր միայն անդրադառնան իր անձին։