Քաղաքականություն

Վարչապետը ողջունում է ՌԴ-ի ակտիվությունը երկաթուղով Հայաստան բեռներ տեղափոխելու հարցում

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ողջունում է ՌԴ-ի ակտիվությունը երկաթուղով Հայաստան բեռներ տեղափոխելու հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Ռուսաստանի Դաշնության ակտիվությունն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումների գործում։ 

«Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված։ Երբ օգոստոսի 8-ից հետո հնչում էին, այդ թվում փորձագիտական կարծիքներ, որ Ռուսաստանի կամ Իրանի համար սա նեգատիվ զարգացում է, մենք ասում էինք՝ ոչ։ Այս որոշումը նպաստելու է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։ Եվ երեք ամիս անց մենք արդեն ունենք կոնկրետ զարգացումներ՝ 132 վագոն (խմբ. Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի հունվարի վերջ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան արտահանել 132 վագոն ցորեն)։ Պատկերացնում ենք չէ՞ 132 վագոնն ինչքան բեռնատար է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում Ռուսաստանի ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով դեպի Հայաստան բեռների տեղափոխմանը։  

Վարչապետը նշեց, որ տեղի ունեցող գործընթացները ամբողջապես համընկնում են ՀՀ կառավարության կանխատեսումների հետ։ 

Նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Հայաստան էր հասել ռուսական ցորենով լցված առաջին գնացքը՝ 15 վագոն, որն անցել էր Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 1000 տոննա ցորեն։ 

Առաջիկայում նախատեսվում է նաև շուրջ 1000 տոննա ղազախական ցորենով բեռնված 15 վագոնների ժամանումը Հայաստան։ 

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ պատրաստվում է Ադրբեջանով անցնող նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն։ Դաշնային գերատեսչությունը նաև ուսումնասիրում է նույն երթուղով այլ տեսակի բեռների փոխադրումների հնարավորությունները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում