Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ներքին Գետաշենի հատվածի կամուրջը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի հատվածում ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի՝ Արգիճի գետի վրա կառուցված կամրջի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ներքին Գետաշենի հատվածի կամրջի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 78,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է կամրջի հիմքերի ու հենարանների ամրացում, թռիչքային կառուցվածքի վերանորոգում ու երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարվել են շուրջ 80 տոկոսով և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։