Գեղարքունիքում համարակալվել է 12426 գլուխ խոշոր և 104004 գլուխ մանր եղջերավոր կենդանի
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են անասնապահության ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները 2025 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականի հունվարին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 71971 գլուխ, որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակասել է 3858 գլխով։ Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 102543 գլուխ, որը 2024 թվականի համեմատությամբ ավելացել է 626 գլխով։
2025 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ մարզում իրականացվել են 376718 գլուխ խոշոր և 93929 գլուխ մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառման ու պատվաստման աշխատանքներ:
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մարզում համարակալվել է 12426 գլուխ խոշոր և 104004 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Համարակալման և պատվաստման աշխատանքներն ընթացքի մեջ են: