Մշակույթ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները ներկայացվել են Վաշինգտոնում

3 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները ներկայացվել են Վաշինգտոնում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները՝ «Reflections» և «Dialogue» ստեղծագործությունները, որոնք ներառված են Recording Academy-ի (GRAMMY Awards) 68-րդ մրցանակաբաշխության երկար ցուցակում՝ «Լավագույն ժամանակակից դասական երաժշտություն» անվանակարգում,  օրերս ներկայացվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

Մերիդիան միջազգային կենտրոնում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որի մշակութային հատվածում հնչեց «Dialogue» մոնո օպերան։

Այն կատարեցին  տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահար Մարտին Շաղբազյանն (Դալաս) ու  Ասատուր Բալջանը (Բոստոն)։ Նրանց նուրբ և հուզիչ մեկնաբանությունը հնչեց Մերիդիան կենտրոնի դահլիճում՝ ստեղծելով խորապես ներգործուն մթնոլորտ։

Շուշան Սարգսյանի և երաժիշտների  հետ միսսին միջոցառմանը ներկա էր նաև Սան Ֆրանցիսկոյից ժամանած պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկին, ով ներկայացրել է մոնո-օպերաները Recording Academy մրցանակաբաշխությանը։ 

Միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ ում ՀՀ դեսւանությունը ՀՀ  անկախության տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը,  իր խոսքում շնորհավորել է ներկաներին՝ շեշտելով անկախության պատմական արժեքը, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության, ժողովրդավարության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Ներկա էին նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի անդամներ, պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ մոնո-օպերաները ԱՄՆ մայրաքաղաքում՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված այս կարևոր միջոցառման շրջանակում։ Երաժշտությունն այն լեզուն է, որը միավորում է բոլորին՝ անկախ սահմաններից և մշակույթներից։ Սա ևս մեկ քայլ է դեպի մեր մշակույթի միջազգային ճանաչումը»,- նշել է Շուշան Սարգսյանը:

«Reflections» և «Dialogue»նախագիծն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո` ի դեմս ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում