Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը Յոհաննես Լուխները նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Յոհաննես Լուխներին։
Զրույցի ընթացքում Արփինե Սարգսյանը նշել է, որ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարը շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։
ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց: