Ծովինարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են «Ալվաղ» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի «Ալվաղ» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 136 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է «Ալվաղ» թաղամասում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում՝ 1477 գծամետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։
Դեռևս հուլիսից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։
Ծրագրի շահառու է հանդիսանում Ծովինար գյուղի շուրջ 300 տնտեսություն, որոնք ջրատարի ներքին ցանցի շահագործումից հետո կապահովվեն շուրջօրյա ու որակյալ խմելու ջրի մատակարարմամբ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։