Ծաղկաշենում վարչական ղեկավարի գրասենյակի ու երիտասարդների ժամանցի համար նոր շենք է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղում ընթանում են վարչական ղեկավարի գրասենյակի և երեխաների ու երիտասարդների համար ժամանցի կազմակերպման նոր շենքի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկաշենի վարչական ղեկավարի գրասենյակի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 200 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։
Շենքը նախագծով երկհարկանի է՝ կիսով չափ նկուղային հարկով։
2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն կատարվել են երկաթբետոնե կոնստրուկցիաների աշխատանքները, պատերի շարվածքը և առաջին հարկի ծածկի կառուցումը։ Դրանք 2025 թվականին նախատեսված աշխատանքներն էին, որոնք ավարտված են, այժմ ընթանում են արտաքին կոյուղու և սեպտիկ հորի, ինչպես նաև ապաստարանի ելքի և անցուղու կառուցման աշխատանքները։
Օրերս Ծաղկաշենի վարչական ղեկավարի նստավայրի նոր շենքի կառուցման շինհրապարակում շինաշխատանքների մշտադիտարկում է իրականացրել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։