Աշխարհ

Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ

2 րոպեի ընթերցում

Պերուն խզում է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ

Պերուն որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Մեքսիկայի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պերուի արտաքին գործերի նախարար Հյուգո դե Զելան։

Նախարարը նշել է, որ Պերուի պաշտոնյաներն ավելի վաղ տեղեկացել են, որ երկրի նախկին վարչապետ Բեթսի Չավեսը, որը ծառայել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի նախագահության շրջանում, փախել է Մեքսիկայի դեսպանատուն՝ ապաստան խնդրելու նպատակով։

«Այս անբարյացակամ արարքին ի պատասխան և հաշվի առնելով կրկնվող դեպքերը, երբ այդ երկրի ներկա և նախկին նախագահները միջամտել են Պերուի ներքին գործերին, Պերուի կառավարությունն այսօր որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Մեքսիկայի հետ», - ասել է դե Զելան։

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը առայժմ չի արձագանքել մեկնաբանություն տալու՝ Reuters-ի հարցմանը։

Չավեսին քրեական մեղադրանք էր առաջադրվել 2022 թվականի վերջին Կաստիլյոյի կողմից Կոնգրեսը լուծարելու փորձի մեջ իր ենթադրյալ դերակատարման համար։ Կաստիլյոն հեռացվել է պաշտոնից և մնում է կալանքի տակ։

Չավեսը բանտարկված էր 2023 թվականի հունիսից, սակայն սեպտեմբերին դատավորի կողմից ազատ էր արձակվել, մինչ նրա դատավարությունը շարունակվում էր։

Չավեսի փաստաբան Ռաուլ Նոբլեսիլան տեղական RPP ռադիոկայանին ասել է, որ մի քանի օր է, ինչ իր հաճախորդից լուր չի ստացել, և տեղյակ չէ նրա՝ ապաստան խնդրելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում