Տպավորիչ պարային ներկայացումներ, վարպետաց դասեր, շնորհանդեսներ. Կասկադում եզրափակվեց «Թէատրոն» ֆրանկոֆոն փառատոնը
6 րոպեի ընթերցում

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որը երկուշաբաթ շարունակ ոլորտի մասնագետներին և արվեստասերներին հնարավորություն տվեց հաղորդակցվել գեղեցիկին ու նորարարությանը, եզրափակվեց նոյեմբերի 3-ին Կասկադում։ Չնայած ցրտին՝ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիտեց ֆրանսիացի նշանավոր խորեոգրաֆներ Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր» և Կադեր Ատուհի PRELUDE պարային ազդեցիկ ներկայացումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յոան Բուրժուան առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, երկիր, որի մասին շատ է լսել։ Ավելի վաղ նա նշել էր, որ իրենց արվեստը միայն ներկայացումներ ցուցադրելը չէ, այլև հանդիպումն է բառի փիլիսոփայական իմաստով, այդ հանդիպումը կայանում է երկրի, մարդկանց հետ, իսկ պարը հնարավորություն է տալիս կապ ստեղծել ու երկխոսել հանդիսատեսի հետ։
Նրա պերֆորմանսի հիմքում երկու կարճ պիեսներ են, որոնց շուրջ աշխատել է՝ տարբեր ոլորտներ միախառնելով։ Աշխատանքը կառուցել է այն կարևոր սկզբունքի շուրջ, որն է կախման կետը։ Այդ ամենով սկսել է հետաքրքրվել, երբ դեռ երիտասարդ է եղել և զբաղվել է աճպարարությամբ։ Ցանկացել է հասկանալ, թե ինչպես է օբյեկտը օդի մեջ մնում, հավասարակշռություն պահում։ Դա գոյության գաղափարի փնտրտուքն է։
Բուրժուայի բեմադրությունը հիացրեց ներկաներին. այն տանում է շարժման, հավասարակշռության և ներքին լռության բարդ աշխարհ: Այն ոչ միայն վերացնում է պարի և կրկեսի միջև սահմանները, այլև բացում է նոր տարածք, որտեղ ֆիզիկական հմտությունը վերածվում է փիլիսոփայական որոնման: Բուրժուան իր մարմնով պատմում է անհատի և միջավայրի փոխհարաբերությունների մասին՝ ստեղծելով զգայուն և նուրբ տիեզերք, որտեղ յուրաքանչյուր շարժում ունի իր հնչյունը, յուրաքանչյուր դադար՝ իր իմաստը:
Իսկ Կադեր Ատուի PRELUDE-ը բոլորովին այլ բանի մասին էր: Ինչպես խորեոգրաֆն է ասում՝ ելակետը հանդիպումն է հրաշալի կոմպոզիտոր ՌոմանԴյուբուայի երաժշտությանը։ Ըստ խորեոգրաֆի՝ նրա ստեղծագործությունները հետաքրքիր են ու հարուստ։ Երաժշտությունն ունի դրամատուրգիական կոնցեպտ՝ սկսում է անհայտից և կամաց-կամաց զարգանում. պարը ուղեկցում է նրան և հակառակը։ Երաժշտությունը մարդուն տանում է հոգևոր ու մտավոր այլ իրականություն, իսկ պարողներն ասես իրենց մարմնով առաջ են տանում այն։
Ներկաները հուզված դիտեցին ամբողջ բեմադրությունը՝ շնչելով և արտաշնչելով պարողների հետ, որոնք ներկայացման ավարտին արժանացան«բրավո» վանկարկումների, բուռն ծափահարությունների: Նրանք չկորցրին իրենց և Դյուբուայի խորհրդավոր երաժշտությունից հետո հայկական մեղեդիների ներքո հանդիսատեսին հրավիրեցին միանալ իրենց:
«Թէատրոն»-ը, որը մեկնարկել է ականավոր խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Պիկսել» յուրահատուկ ներկայացմամբ, կոչված է հանրահռչակելու ֆրանկոֆոն ժամանակակից մշակույթը Հայաստանում՝ ստեղծելով հարթակ փոխգործակցության, ստեղծագործական փորձի և արվեստի բազմաթիվ ճյուղերի համար: Որպես մշակութային խաչմերուկ՝ այն նպատակ ունի Հայաստանը դարձնել մշտական հանդիպման վայր ֆրանկոֆոն արվեստագետների, հետազոտողների, մշակութային հաստատությունների և արվեստասերների համար՝ խթանելով նոր կապերը, համատեղ նախագծերն ու ստեղծագործական փորձառությունները:
Արժևորելով ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը՝ «Թէատրոն»-ն անցնող օրերին ոչ միայն մոտեցրեց մարդկանց և տարածքները, այլև ամրապնդեց Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում՝ հաստատելով այն որպես կամուրջ աշխարհի տարբեր ֆրանկոֆոն համայնքների միջև:
Փակմանը «Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը հիշեցրեց, որ փառատոնը հյուրընկալվել է ոչ միայն Երևանում, այլև Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում՝ իր շուրջ համախմբելով լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցների, Հայաստանից ոլորտի մասնագետների և հետաքրքրասերար վեստասերների։ Փառատոնին անցկացվել են վարպետության դասեր, աշխատարաններ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։
«Մեզ համար շատ կաևոր է մշակութային ապակենտրոնացումը, ուստի այս տարի սկսեցինք ոչ թե Երևանից, այլ Կապանից. Կապանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ ֆրանսիացի հանրահայտ դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը Հայաստանից դրամատուրգներ Անուշ Ասլիբեկյանի և Անի Առաքելյանի հետ իրականացրեց դրամատուրգիական ռեզիդենցիա: Ութ օրում հեղինակները ստեղծեցին նոր պիես, որը ներկայացրին թատրոնի դերասանները. որոշ տեքստեր ֆրանսերեն էին: Փառատոնի շրջանակում հրատարակեցինք նաև ֆրանկոֆոն հեղինակներ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուն: Ժընըվիևը դրամատուրգիական ռեզիդենցիա անցկացրեց Գավառի թատրոնում»,-շեշտեց Խաչատրյանն ու հավելեց՝ փառատոնային ծրագիրը հագեցած է եղել:
Փառատոնի կազմակերպիչներն են ֆրանսիական«Սաթէ-աթղը» թատերական միությունը և«Արտ-իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը:
Միջոցառումն անցկացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ «Թէատրոն»-ի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսըև դրամատուրգիան։