Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են 4 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները 2025 թվականին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, նվազել են 4 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Ազգային ժողովի գործընկերների օժանդակությամբ նաև նոր օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որով անչափահասներին արգելվել է վաճառքը սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների և նշեմ, որ օրենքի ընդունումից հետո 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն»,- ասաց Սարգսյանը:
Նախարարը նշեց՝ այս համատեքստում նաև ընտանիքների և կրթական հաստատությունների հետ աշխատանքի կարիք կա:
«Ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցներն ահազանգեր չեն տրամադրում: Արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները Ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ»,- հայտնեց Արփինե Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ կշարունակեն այս գործելաոճը՝ իրավիճակը տեսադաշտում պահելու և հանցագործության դեպքերը կանխելու համար: