Ներքին գործերի նախարարությունը լատենտային հանցագործությունների բացահայտման աճ է արձանագրել

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ է արձանագրել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Այն հանցագործությունները, որոնք 2024 թվականին, 2023 թվականին հիմնականում և նաև նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 2025 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ դրանց մասով և, ըստ այդ, հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով: Օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 391 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են՝ աճը՝ 249 դեպքով և այսպես շարունակ»,- ասաց նախարարը: 

Սարգսյանը նշեց՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0.7 տոկոսով:

«Աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը, ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9.9 տոկոս, ծանրերով՝ 5.8 տոկոս»,- նշեց Սարգսյանը: 

Հայերեն Español