Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-33/25. Զորյան, Հյուգո, Տեր-Պետրոսյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-33/25.    Զորյան, Հյուգո, Տեր-Պետրոսյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Ստեփան Զորյան, «Պապ թագավոր»

Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպը գրել է Համաշխարհային երկրորդ պատերազմի դժնդակ տարիներին՝ 1941-43թթ.: Հեղինակը ազգային ոգին բարձրացնելու համար վեր է հանել երիտասարդ Պապ թագավորի կյանքի ամենադժվար և Հայաստանի համար ճակատագրական պատմական իրադարձությունները, որոնց բովում հայի ոգու և հայրենասիրության շնորհիվ երկիրն ազատագրվում է թշնամու լծից: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Վիկտոր Հյուգո, «Լուկրեցիա Բորջիա» 

Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» դրամայի հիմքում XV դարի իտալական Վերածննդի վառ, հակասական դեմքերից մեկի՝ Լուկրեցիա Բորջիայի պատմությունն է, որ բանաստեղծը ծառայեցրել է իր բեմական մտահղացմանը: Մեր առջև անվերջանալի ոճրագործությունների և հատուցումների լաբիրինթոսում բանտված «հրեշավոր» մոր և անեղծ զավակի կերպարներն են և Ջեննարոյի անուրջը սեփական մոր մասին, որ պարբերաբար փրկում և կործանում է երկուսին: 1833-ին շռնդալից ընդունելության արժանացած այդ պիեսը մինչև օրս նորանոր մեկնաբանությունների առարկա է դառնում եվրոպական խոշորագույն բեմերում: Պիեսը ներկայանում է նոր, բնագրային թարգմանությամբ։  Գրքի հավելվածում տեղ են գտել նաև հատվածներ Վիկտոր Հյուգոյի՝ ռոմանտիկական թատրոնի հաղթանակը նշանավորող «Էռնանի» դրամայից։ Թարգմանությունը, նախաբանը և ժամանակագրությունը՝ Շուշանիկ Թամրազյանի։ Գիրքը լույս է ընծայել «Նաիրի»-ն։

Նոն ֆիքշն գրականություն 

Լևոն Տեր-Պետրոսյան, Քաղաքականության կամերտոնը

Գիրքը լույս է տեսնում Լևոն Տեր- Պետրոսյանի 80-ամյակի առթիվ: 

Խմբագիր՝ Աշոտ Սարգսյան։ Կազմող և ձևավորող՝ Ավետիս Ավագյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում