Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում է անցկացվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոնում ընթանում է գեղանկարչական սիմպոզիում՝ Գավառի Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը, գեղանկարչական սիմպոզիումին մասնակցում է ՀՀ նկարիչների միության 5 անդամ՝ Վահագն Ջիվանյանը, Սրապիոն Դանիելյանը, Գարիկ Փրվեյանը, Արամ Մաշուրյանը և Հրաչյա Սաֆարյանը։

Միաժամանակ Գավառի Գեղարվեստի դպրոցի սաներին հնարավորություն է ընձեռնվել մասնակցել սիմպոզիումի աշխատանքներին և զարգացնել նկարչական գիտելիքները: Գեղանկարչական կտավների վրա պատկերվում են Գավառ համայնքի տեսարժան վայրերը։ Գեղանկարիչներն աշխատում են Գավառի Թթուջրի անտառում, Հացառատի Սուրբ Աստվածածին, Ծաղկաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցիների, Հայրավանքի, Նորատուսի պատմական հուշարձանների տարածքներում։

«Սիմպոզիումի մասնակիցները տեղում կատարել են գեղանկարչական էտյուդներ, որոնցից կազմվելու է մեր համայնքի բնակավայրերի տեսարժան վայրերը պատկերող գեղանկարչական աշխատանքների ֆոնդ՝ մշտական ցուցադրության համար»,-ներկայացրեց Հասմիկ Թամամավեյանը:
Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 3-ին։