Մշակույթ

Պատմության թանգարանում կայացել է «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը

2 րոպեի ընթերցում

Պատմության թանգարանում կայացել է «Դեղին գետի հիշողությունը»  միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը

Հայաստանի պատմության թանգարանում կայացել է «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը։ 

Բացման խոսքում թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն ընդգծել է, որ շուրջ երեք ամիս գործող ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն տվեց հայ այցելուներին անմիջականորեն հաղորդակցվել Չինաստանի հնագույն քաղաքակրթության ժառանգությանը, այլև նշանավորվեց այն հանգամանքով, որ Չինաստանի Շանսի թանգարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացվել էին բնօրինակ հնագիտական նմուշներ, ինչը դարձավ հայ-չինական մշակութային երկխոսության և գործընկերության կարևոր դրսևորում։ 

Միջոցառման շրջանակում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ, Շանսիի հին ճանապարհը․ Շանսիի քաղաքակրթության և միջազգային ցուցահանդեսի պատմությունը» թեմայով բանախոսությամբ է հանդես եկել Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուայը։

Բանախոսը ներկայացրել է Շանսիի աշխարհագրական առանձնահատկությունները, տարածաշրջանում իրականացված կարևոր հնագիտական պեղումները, ինչպես նաև Շանսիի հնագիտական ժառանգության դերը չինական քաղաքակրթության ձևավորման և զարգացման գործընթացում։ 

Հաջորդիվ Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուայի գլխավորած պատվիրակությունը շրջայց է ունեցել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում։ 

Ցուցադրությունն իրականացվել էր Հայաստանի պատմության թանգարանի, Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում