«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բարեկարգման աշխատանքներից հետո զբոսաշրջային արահետները դարձել են ավելի հարմար ու անվտանգ
6 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի ուղեկցությամբ՝ մի խումբ լրագրողներ այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ ծանոթանալու տեղում իրականացված բարեկարգման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Մարինե Կարապետյանը հայտնեց, որ հիմնադրամը, ՀՀ-ում շուրջ 16 տարի իրականացնելով կարևոր ծրագրեր, համագործակցում է կառավարության հետ և համաֆինանսավորում բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքները։ Հիմնադրամը նշված տարածքներում պարբերաբար իրականացնում է նաև կենսաբազմազանության մոնիթորինգ։

«Բարեկարգված նոր երթուղով կազմակերպել ենք քայլարշավ դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ։ Երթուղին բարեկարգվել է բոլորովին վերջերս։ Բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը, որն իր հերթին մասնագիտացած կառույց է նման ոլորտում և նույնիսկ մասնակցել է Տրանսկովկասյան հայտնի արահետի բարեկարգման աշխատանքներին։ Խոսրովի արգելոցում բարեկարգումից հետո շատերի, այդ թվում՝ դպրոցականների համար, երթուղին դարձել է ավելի դյուրին, հարմար և անվտանգ։ Տեղադրվել են համապատասխան ուղղորդող ցուցանակները, հարթեցվել ու լայնացվել են դեպի դեպի ջրվեժներ տանող արահետները։ Որոշակի հատվածներ նախկինում մատչելի չէին, հիմա իրավիճակն այլ է»,-ասաց Կարապետյանը։

Նա հավելեց, որ Կովկասի բնության հիմնադրամն արգելոցի հետ իրականացված վերոհիշյալ համատեղ ծրագրի իրականացման համար հատկացրել է 1 միլիոն 696 հազար դրամ։ Հիմնադրամն արգելոցին տրամադրել է նաև հեռադիտակներ, ֆոտոթակարդներ, տեսախցիկներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտաճանաչողական տուրիզմի մասնագետ Տիգրան Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ զբոսաշրջիկների քանակը տվյալ երթուղով շատ ավելի մեծ է, քան մյուս տարածքներում։

«Վերջին բարեկարգումից հետո զբոսաշրջային ցուցանիշներում առկա է դրական դինամիկա, քանի որ արահետային երթուղիներն այստեղ դարձել են շատ ապահով։ Տարեցտարի ավելանում է մեր այցելուների քանակը, հատկապես զարգանում է ներգնա տուրիզմը։ Սերտորեն աշխատում ենք ուսումնական հաստատությունների հետ, էկոկրթական ծրագրերի շրջանակում մասնավորապես դպրոցականների համար ունենք մշակված մատչելի ծրագիր»,-ասաց Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ տարիներ առաջ արգելոցի հատվածներից մեկում բռնկված մեծ հրդեհից հետո կենսաբազմազանությունը հետզհետե վերականգնվում է՝ չնայած այն հանգամանքին, որ կան շատ դժվար վերարտադրվող ծառատեսակներ։

«Ընդհանուր առմամբ, կա դրական տեղաշարժ։ Ելնելով արգելոցի կարգավիճակից՝ մարդկային միջամտությունն այստեղ ուղղակի բացառվում է։ Մեզ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ է մեզ մոտ անտառային զանգվածը նոսր, իսկ մենք բացատրում ենք, որ այն պետք է իր ուժերով, ինքնըստինքյան վերականգնվի։ Իսկ այն հատվածներում, որտեղ անտառային զանգվածը համեմատաբար մեծ է, կենդանիներն ավելի շատ են, սակայն նրանց ու մարդկանց անվտանգությունից ելնելով՝ այդ տարածքները փակ են։ Այդպիսին է, օրինակ, Կաքավաբերդի տեղամասը։ Վերջին շրջանում մեր կողմից կիրառվել են արգելոցի պահպանման նոր մոտեցումներ, իրականացվում են կանխարգելիչ գործողություններ»,- ասաց Ստեփանյանը։
Արգելոցը բավականին մեծ է, զբաղեցում է ավելի քան 23 հազար հեկտար տարածք, սակայն դեռ ամբողջությամբ սահմանազատված կամ առանձնացված չէ, հետևաբար երբեմն լինում են խախտումներ։ Այդուհանդերձ, տարբեր հատվածներում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք օգնում են էկոպարեկներին իրականացնել իրենց ամենօրյա աշխատանքը՝ կանխարգելելով որսագողությունն ու ապօրինի ծառահատումը։

Էկոպարեկային ծառայության հերթափոխի տեսուչ Արմեն Բաղդասարյանը հայտնեց, որ արգելոցի տարբեր հատվածներում էկոպարեկներն առավել ակտիվորեն աշխատում են գիշերային ժամերին, որովհետև անհրաժեշտ է 24-ժամյա խիստ հսկողություն։ Նոր լուծումների և տեխնիկական միջոցների ներդրման արդյունքում էկոպարեկների աշխատանքը զգալիորեն հեշտացել է։

«Չորս տարուց ավելի է, ինչ իրականացնում ենք մեր աշխատանքները։ Այսօր ոչ միայն արգելոցը, այլև հարակից տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ։ Տեղամասերում մշտապես հերթապահում են տեսուչները, իսկ շրջիկ խմբերն աշխատում են բոլոր հատվածներում՝ այդ կերպ կանխարգելելով որսագողությունը, ձկնագողությունն ու ապօրինի ծառահատումը։ Հարակից տարածքներում որսորդներին զգուշացնում ենք, որ չմտնեն արգելոց։ Մարդիկ գիտակցում են մեր գործի կարևորությունը։ Սպասում ենք մեքենաների ու տեխնիկական միջոցների համալրման, ինչից հետո մեր գործունեությունը կդառնա ավելի արդյունավետ»,- մանրամասնեց Բաղդասարյանը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին։ Զբաղեցնելով 23,213.5 հեկտար տարածք՝ այն ընդգրկում է բազմազան լանդշաֆտներ՝ լայնատերև անտառներ, չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսանապատային գոտիներ։ Արգելոցն ունի հարուստ ու բացառիկ կենսաբազմազանություն։ Այստեղ աճում են բույսերի 1849 տեսակ, ինչը կազմում է ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 տոկոսը, կովկասյան էկոտարածաշրջանի բուսականության մոտ 1/3-ը։ Արգելոցում հանդիպում են 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծ, գորշ արջ, բեզոարյան այծ, սպիտակագլուխ անգղ, քարարծիվ և այլն։ Խոսրովի անտառը միակ տարածքն է ՀՀ-ում, որտեղ բնադրում է սև անգղը։ Արգելոցում կա չորս ջրվեժ, որոնցից երկուսը կրում են հին հեթանոսական աստվածների՝ Վահագնի և Աստղիկի անունները։