Հիմնանորոգվում է Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճը և բեմի հատվածը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթանում են մշակույթի տան դահլիճի և բեմական հատվածի հիմնանորոգման աշխատանքները «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճի ու բեմական հատվածի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է Մարտունի համայնքի բյուջեից։
Ծրագրով նախատեսվում է մեծ դահլիճի, բեմի, հանդերձարանային երկու սենյակի, սանհանգույցների, միջանցքի նորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։
«Ներքին Գետաշենի մշակույթի տունը հիմնանորոգման է ենթարկվել տարբեր տարիների ընթացքում ու տարբեր ծրագրերով։ Իսկ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով իրականացվող այս աշխատանքներով մենք ավարտին ենք հասցնում մշակույթի տան հիմնանորոգման գործընթացը։ Կահավորումը կիրականացվի մեկ այլ ծրագրի շրջանակներում»,-ներկայացրեց Ռուբեն Զուլոյանը։