Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները՝ կարևորելով երկու երկրների միջև նորարարական ներուժի և փորձի փոխանակման հնարավորությունները։ Քննարկման առանցքում են եղել նաև կիբեռանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով տվյալ ուղղություններում Հայաստանի աճող ներուժը։

Նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել դեսպանի այցը՝ որպես Հայաստանի և Արգենտինայի միջև տեխնոլոգիական ու գիտակրթական կապերի ամրապնդման կարևոր քայլ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ընթացքը՝ ընդգծելով ոլորտի էկոհամակարգի ձևավորման առաջընթացը։ Նա նշել է, որ նախարարությունն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, կրթական ու գիտահետազոտական ծրագրերի աջակցմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը՝ պատրստակամություն հայտնելով նպաստել երկու երկրների տեխնոլոգիական համագործակցության խորացմանը:

Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի ձևավորման հեռանկարները՝ ընդգծելով փորձի փոխանակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում