Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ ոստիկանական գործողության ընթացքում 60-ից ավելի մարդ է զոհվել
3 րոպեի ընթերցում

Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» խմբավորման դեմ ուղղված ոստիկանական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 64 մարդ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են խաչաձև կրակի տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ Ալեմաո և Պենյա ֆավելաներում ոստիկանների «Զսպում» գործողության ընթացքում զոհվածների թվում է 4 ոստիկան։ Ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 2500 ոստիկաններից բաղկացած ուժերը մտել են ֆավելաներ, և շուտով բախումներ են սկսվել։ «Կարմիր հրամանատարությունը» (Comando Vermelho) պատասխանել է կրակոցներով, հրկիզել է բարիկադներ և անօդաչու թռչող սարքերից ռումբեր նետել։
Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելայի տարածքը համարվում է Բրազիլիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի գործողությունների կենտրոնը։
Նահանգի կառավարությունը հայտնել է, որ սպանվածներից առնվազն 50-ին «ոստիկանությունը նույնականացրել է որպես կասկածյալ»։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ «սարսափած է» բրազիլական ոստիկանության գործողություններից, և կոչ է արել «արագ և արդյունավետ հետաքննություն» անցկացնել։
Ֆավելաներում՝ լեռնալանջերին գտնվող աղքատ և անապահով թաղամասերում, ապրում է մոտ 300 000 մարդ: Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ իրավիճակն այժմ նման է «պատերազմական գոտու»:
Ամբողջ տարածաշրջանում ճանապարհները փակ են։
«Կարմիր հրամանատարությունը» վերջերս ընդլայնել է իր տարածքը Ռիո նահանգում՝ ստեղծելով թմրանյութերի մաքսանենգության ուղիներ և ուժեղացնելով իր վերահսկողությունը ֆավելաների նկատմամբ:
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը հայտնել է, որ գործողության ընթացքում առգրավվել են ավելի քան 200 կգ թմրանյութեր, ինչպես նաև տասնյակ զենքեր։
Մեկ տարի տևած հետաքննությունից հետո իրականացված գործողությանը մասնակցել են քաղաքացիական և ռազմական ոստիկանության ուժեր։
Բրազիլիայում ոստիկանական լայնածավալ գործողություններ հաճախ իրականացվում են խոշոր միջազգային միջոցառումներից առաջ: Նոյեմբերին երկրի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքում կկայանա ՄԱԿ-ի COP30 կլիմայի գագաթնաժողովը: