Հայաստան

ԲՏԱ նախարարը Forbes-ում ներկայացրել է Հայաստանի նորարարական քաղաքականության հիմնական ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը Forbes-ում ներկայացրել է Հայաստանի նորարարական քաղաքականության հիմնական ուղղությունները

Հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի «Ինչպես են կառավարությունները հարկային արտոնություններով արագացնում ԱԲ-ի և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը» վերնագրով հոդվածը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը։

Նախարար Հայրապետյանը հոդվածում ներկայացնում է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Նա ընդգծում է, որ պետական նպատակային քաղաքականության միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։

Հոդվածում նախարարը վերլուծում է, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով արդյունավետ հարկային քաղաքականություն և տեխնոլոգիական խթաններ, ձևավորում նորարարական տնտեսություններ և արագացնում արհեստական բանականության (ԱԲ) և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը։ Նա նշում է, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք՝ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար։

Նախարար Հայրապետյանն իր հոդվածում անդրադարձ է կատարել Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման և վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաև գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթևացումը։

Հոդվածում նախարարն ընդգծում է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կարևոր քայլ է երկրի ԱԲ ներուժի զարգացման ուղղությամբ։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում