ՄԻՊ-ը պահանջում է պատշաճ քննություն իրականացնել մասնավոր կյանքի իրավունքի խախտումների դեպքերով
3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումները, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Պաշտպանի խոսքով՝ այս իրավունքների խախտումները Հայաստանում տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, սակայն հատկապես մեծ ծավալներ են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերի ժամանակ։
Անահիտ Մանասյանը հիշեցրել է, որ ընդամենը շաբաթներ առաջ ևս հրապարակային մտահոգություն էր հայտնել մասնավոր կյանքի իրավունքի խախտումների դեպքերի աճի վերաբերյալ՝ ընդգծելով, որ միջամտությունները հաճախ արտահայտվում են անձնական տվյալների կամ մասնավոր տեղեկությունների ապօրինի ձեռքբերմամբ և տարածմամբ։
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը կամ տարածումը ոչ միայն հակասում են Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին, այլև հանդիսանում են մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում։ Այդպիսի գործողությունները պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Պաշտպանի գնահատմամբ՝ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման կամ տարածման հարցում դերակատարություն ունեն տարբեր սուբյեկտներ, իսկ խախտումները լայն տարածում ունեն ամբողջ երկրում։ Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանը շեշտել է, որ պետությունն ունի հիմնական պատասխանատվություն՝ խախտումները կանխարգելելու և դրանց դեպքում համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքերը։ Նա կոչ է անում պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության կանոնները՝ տվյալներ հավաքելով և տարածելով միայն օրենքով սահմանված հիմքերով։
«Ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով։ Անձնական տվյալների և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքը ոչ միայն իրավական երաշխիք է, այլև արժեք, որը ձևավորում է պետության և հասարակության իրավական մշակույթը», – ընդգծել է Անահիտ Մանասյանը։