ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ու ՌԴ դեսպանը վերահաստատել են ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը
2 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ հանդիպմանն անդրադարձել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքին և դրա հետագա զարգացման ընթացքին։
«Անդրադարձանք շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորման և ստանդարտացման, կայուն կառավարման տնտեսական գործիքների, կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման, քիմիական նյութերի և թափոնների կառավարման, պետական բնապահպանական վերահսկողության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեխնոլոգիական ու նորարարական լուծումների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորություններին»,-ընդգծել է Մաթևոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ին նախապատրաստական գործընթացները։
«Հանդիպման արդյունքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը»,-ասվում է տեքստում։