Աշխարհ

Միլեյի կուսակցությունը հաղթանակ է տարել Արգենտինայի միջանկյալ ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Միլեյի կուսակցությունը հաղթանակ է տարել Արգենտինայի միջանկյալ ընտրություններում

Արգենտինայի խորհրդարանի միջանկյալ ընտրություններում կարևոր հաղթանակ է տարել La Libertad Avanza աջակողմյան դաշինքը, որի մեջ մտնում է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կուսակցությունը: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը ստացել է ձայների շուրջ 41,5%-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Միլեյի կուսակցությունը հաղթել է մայրաքաղաք Բուենոս Այրեսում, ինչպես նաև Կորդովա և Սանտա Ֆե նահանգներում: Բուենոս Այրեսը երկար ժամանակ համարվում էր ուլտրալիբերալների հիմնական մրցակիցների՝ նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների «Հայրենիքի ուժը» ձախ կենտրոնամետ կոալիցիայի հենասյունը: Կոալիցիան միջանկյալ ընտրություններում ստացել է ձայների 31,6%-ը:

Միջանկյալ ընտրությունները համարվում են Միլեյի առաջին փորձությունը գրեթե երկու տարի առաջ պաշտոնն ստանձնելուց և խիստ ​​խնայողության արմատական քաղաքականությունն սկսելուց հետո:

«Այսօր մենք հասել ենք շրջադարձային պահի։ Այսօր սկսվում է մեծ Արգենտինայի կառուցումը», - Բուենոս Այրեսում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ իր կողմնակիցներին հայտարարել է 55-ամյա նախագահը։ Նա խոստացել է շարունակել արդեն իսկ սկսված խիստ խնայողության քաղաքականությունը։

Միլեյի կուսակցությունը մինչև այժմ փոքրամասնություն էր կազմում խորհրդարանի երկու պալատներում։ Ընտրություններից հետո Միլեյը հայտարարեց, որ իր կուսակցությունն ավելի քան եռապատկել է իր տեղերի թիվը և այժմ Պատգամավորների պալատում կունենա 101 տեղ՝ 37-ի փոխարեն, ինչպես նաև վեցի փոխարեն 20 տեղ՝ Սենատում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում