Տնտեսություն

Որևէ երկիր չի կարող հաջողել մեկուսացած՝ առանց համագործակցության և փոխկապակցվածության. ԲՏԱ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Որևէ երկիր չի կարող հաջողել մեկուսացած՝ առանց համագործակցության և փոխկապակցվածության. ԲՏԱ փոխնախարար

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հրավերով մասնակցել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» հինգերորդ համաժողովի շրջանակներում կայացած «Թվային փոխակերպում. ապագային պատրաստ աշխարհ» թեմայով պանելային քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է  Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընթացիկ զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները՝ ընդգծելով ոլորտի կայուն աճը։ Նշվել է, որ որևէ երկիր չի կարող հաջողել մեկուսացած՝ առանց համագործակցության և փոխկապակցվածության, իսկ վերջին շրջանում նոր աշխատուժի ներհոսքն ապահովել է ոլորտի զարգացման նոր փուլ՝ նպաստելով աշխատաշուկայի կայունացմանը, դրական ազդեցություն թողնելով Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական միջավայրի վրա, որն իր հերթին տարածաշրջանային համակարգային համագործակցության նոր հնարավորություններ է ձևավորել:

Ներկայացվել է նաև պետության կողմից իրականցվող  աջակցության  խոշոր  ծրագիրը, որով յոթ տարվա ընթացքում շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար կուղղվի տեղական բարձր տեխնոլոգիական ընկերությունների մրցունակության բարձրացման և նորարարական լուծումների խրախուսմանը։

Իր խոսքում Գևորգ Մանթաշյանը քաղաքացիների թվային վստահության բարձրացման տեսանկյունից հիշատակել է ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները և զուգահեռ հիշատակել է թվային հաղորդակցման ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ առանձնացնելով Սև ծովից դեպի Հայաստան կապուղու անցման գործընթացը՝ որպես տարածաշրջանային ռազմավարական նշանակության նախագիծ:

«Մետաքսի ճանապարհ» հինգերորդ համաժողովը,  որը միավորում է բարձրաստիճան քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այս տարի ներգրավել է ավելի քան 70 երկրների շուրջ 2300 պատվիրակների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում