Ֆլեյտայի երևանյան միջազգային երկրորդ փառատոնը Հայաստան կբերի հեղինակավոր հյուրերի աշխարհի 13 երկրից
7 րոպեի ընթերցում
Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը, որն անցկացվում է երկրորդ անգամ, հոկտեմբերի 26-31-ը կհյուրընկալի ֆլեյտահարների, դասախոսների, ուսանողների և այլ հյուրերի աշխարհի 13 երկրի 21 քաղաքից։
Փառատոնին կկազմակերպվեն շուրջ 100 վարպետության դասեր, դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ և երեք համերգ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երեկոյին համաշխարհային համբավ ունեցող ֆլեյտահարները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Մյուս երկու համերգները տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հոկտեմբերի 28-ին և 29-ին։ Այդ համերգային երեկոներին մենակատարները ելույթ կունենան KV Art անսամբլի նվագակցությամբ և Նարեկ Ավագյանի ղեկավարությամբ։
Հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Ֆլեյտային կամուրջներ» միջազգային նախագծի ղեկավար Վարդան Վիրաբյանը հիշեցրեց, որ երեք տարի առաջ կազմակերպված համերգներից մեկի ժամանակ խոստացել է Հայաստանում առավել ակտիվացնել ֆլեյտայի արվեստը, զարգացնել, հետաքրքրացնել այն։ Այդ օրից վարպետության դասեր, Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից պրոֆեսիոնալների և ուսանողների մասնակցությամբ համերգներ է կազմակերպել Հայաստանում։
«Երկու տարի առաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ֆլեյտահար, Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի դափնեկիր Աննա Կոմարովայի և Էլեն Վիրաբյանի մենահամերգը, որը փայլուն անցավ։ Համերգից հետո ֆլեյտայի ամառային դպրոցներ կազմակերպեցինք ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում։ Հետո համերգ նախաձեռնեցինք ֆլեյտահար, Ֆրանկֆուրտի նվագախմբի մենակատար Ելիզավետա Իվանովայի մասնակցությամբ։ Այդ համերգը ևս Բաբաջանյանի անվան համերգասրահում էր։ Այդ ամենից հետո որոշեցինք փառատոն կազմակերպել, որը կայացավ անցյալ տարի»,- պատմեց Վիրաբյանն ու շեշտեց, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրում երբեք ֆլեյտայի փառատոն չի անցկացվել։
Առաջին փառատոնին Հայաստան են ժամանել արտիստներ վեց երկրից, իսկ այս տարի՝ ավելի քան տասը երկրից։ Նա շնորհակալություն հայտնեց այն անհատներին, կազմակերպություններին, որոնք իրենց կողքին են և աջակցում են փառատոնի կայացմանը։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանի համոզմամբ՝ փառատոնը սկսում է կարևոր տեղ զբաղեցնել ֆլեյտայի արվեստին նվիրված միջոցառումների ցանկում, ինչի մասին խոսում են փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ու մասնակիցների թիվը։ «Ֆլեյտայի փառատոնն ինքնին եզակի երևութ է, աշխարհում շատ քիչ են նման նախագծերը, այն էլ այս մասշտաբով ու ծավալով, միջազգային մեծ ճանաչում ունեցող անունների, ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Ֆանտաստիկ է նաև վարպետության դասերի թիվը, որը 100 է, հետաքրքիր կլինեն բոլոր քննարկումները, հանդիպումներն ու համերգները։ Մեր շենքի բոլոր հատվածները տրամադրվելու են փառատոնին նվիրված նախաձեռնությունների անցկացմանը»,-ընդգծեց նա և հավելեց՝ ոչ բոլոր քաղաքները կարող են պարծենալ նման բացառիկ փառատոնով։
Փառատոնի սպասված հյուրերն են ֆլեյտահարներ՝ Վենսան Լյուկան (Ֆրանսիա), Մարիո Բրունոն (Իտալիա), Դենիս Լուպաչովը (Ռուսաստան), Նարեկ Ավագյանը (Հայաստան), Երժան Կուշանովը (Ղազախստան), Էլեն Վիրաբյանը (Ռուսաստան, Հայաստան), Եվգենիա Շպալինգերը (Շվեյցարիա), Զառա Փարվանյանը (Ռուսաստան), Դիմիտրի Ստավրիանիդին (Հունաստան, Վրաստան), Արման Աբրահամյանը (Հայաստան), Վասիլիսա Մելնիկովան (Ռուսաստան), դաշնակահարներ՝ Աստղիկ Ղուկասյանը (Հայաստան), Եկատերինա Իվանովան (Ռուսաստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), թավջութակահար Վահե Դանիելյանը (Հայաստան)։
Մանասյանը փառատոնի կայացման գործում հատկապես կարևորեց 14-ամյա տաղանդաշատ ֆլեյտահար Էլեն Վիրաբյանի դերը, որի հաջողությունները նրա հորը՝ Վարդան Վիրաբյանին ոգևորել են նախաձեռնելու Ֆլեյտայի փառատոնը։ «Եզակի երևույթ է, որ այդ տարիքում կատարողն ունենա նման կենսագրություն։ Մրցույթները, որոնց նա մասնակցել է, տասնյակից ավելի են, Էլենը նվագել է աշխարհի մի շարք քաղաքներում, Հայաստանն է ներկայացնում ամենահեղինակավոր հարթակներում»,-ասաց Արմեն Մանասյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը ևս հավատում է Էլեն Վիրաբյանի մեծ հաջողություններին։ Նրա խոսքով՝ երիտասարդներին ուղղված ծրագրերի շրջանակում երկար տարիներ աջակցում են նաև փողային գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտների զարգացմանը։ «Տարիների ընթացքում համագործակցել ենք Վարդան Վիրաբյանի հետ, երիտասարդների հետ, որոնց դասավանդել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանը։ Ֆլեյտայի արվեստը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցում»,-նշեց պրոդյուսերն ու հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրերին օգնում է նաև Ֆլեյտայի փառատոնը, որն ասես ամփոփում է իրենց աշխատանքը։
Ըստ Պադարյանի՝ չկա լավ ֆլեյտահար առանց լավ գործիքի, առանց լավ դասախոսի, ուստի անհրաժեշտ է անել հնարավորը, որ երկրում գնալով շատանան երիտասարդ և կիրթ ֆլեյտահարները։
Ֆլեյտայի միջազգային փառատոնը միտված է ակտիվացնել և զարգացնել ֆլեյտայի արվեստը Հայաստանում՝ ստեղծելով մասնագիտական միջավայր, շփման ու ստեղծագործական փորձի փոխանակման հնարավորություն աշխարհի լավագույն մասնագետների և Հայաստանի երիտասարդ պրոֆեսիոնալ ֆլեյտահարների միջև։
Փառատոնի նպատակն է խթանել ֆլեյտայի ժամանակակից մասնագիտական զարգացումները և թրենդների տարածումը Հայաստանում՝ դառնալով հանդիպման մի նոր հարթակ բոլոր ֆլեյտահարների համար։ Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն իր մասշտաբով և համաշխարհային համբավ վայելող մենակատարների քանակով առանձնանում է մեր երկրի և տարածաշրջանի նմանատիպ փառատոններից։