Մշակույթ

Երևանի նորաձևության շաբաթը մեկնարկեց արվեստի հետ երկխոսությամբ

4 րոպեի ընթերցում

Երևանի նորաձևության շաբաթը մեկնարկեց արվեստի հետ երկխոսությամբ

 «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» յուրահատուկ ցուցահանդեսով հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ազդարարվեց Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը հարթակ է, որտեղ համադրվել են ժամանակակից նորաձևությունը, ստեղծարարությունը, վարպետությունը և կերպարվեստը՝ ներկայացնելով դինամիկ երկխոսություն մշակութային ինքնարտահայտման և միջազգային նորաձևության միտումների միջև։

Դիզայներները նախապես այցելել են պատկերասրահ, ուսումնասիրել ցուցանմուշները և դրանցից ոգեշնչվել՝ ստեղծելով նորաձևության յուրօրինակ նմուշներ, որոնք ներկայացվում են հանրությանը։

Բացմանը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց՝ Նորաձևության շաբաթվա շնորհիվ ոչ միայն պատկերասրահում, այլև Սերգեյ Փարաջանովի, Ռուսական արվեստի և Ժողովրդական արվեստների թանգարաններում փոխում են կարծրատիպային մոդելները, և թանգարանները հանդես են գալիս որպես մշակութային երկխոսության հատուկ հարթակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ շեշտեց՝ առաջին անգամ է, որ թանգարանները միանում են Նորաձևության շաբաթին:

«Տևական ժամանակ է՝ հետևում ենք համաշխարհային թրենդներին. վստահ եմ՝ շատերը գիտեն, որ Լուվրում և այլ թանգարաններում կազմակերպվում են նման ցուցադրություններ, մենք ևս հասկանում ենք, որ այսօր մեր թանգարաններն իրենց ավանդական առաքելությունն իրականացնելուց բացի պետք է լինեն ավելի կրեատիվ, ավելի բաց նորարարության նկատմամբ»,-ընդգծեց փոխնախարարն ու հավելեց՝ նման ծրագրերը շարունակական են լինելու:

 Քոչարյանը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի Նորաձևության շաբաթին ավելի շատ թանգարաններ կմիանան: Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի համոզմամբ՝ Նորաձևության շաբաթի ընթացքում դրսևորվում է ստեղծագործական միտքը, ի հայտ են գալիս տաղանդավոր դիզայներները և ընդգծվում է հայկական նորաձևության մեծ պոտենցիալը:

«Հայաստանն արժանի է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային նորաձևության արդյունաբերությունում, և մենք այստեղ ենք դրան աջակցելու համար: Նորաձևության շաբաթն այն օրինակն է, թե ինչ ենք մենք կարող անել միասին»,-նշեց Մարագոսն ու հավելեց՝ աշխատելու են Երևանի նորաձևության շաբաթը Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի համար իրական ինստիտուտ դարձնելու ուղղությամբ:

Ըստ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Եվա Սանդքվիստի՝ նորաձևությունն ընդգծում է մարդու ինքնությունն ու այն կապում է մշակույթի և նորարաության հետ: «Ես Շվեդիայից եմ, և վստահ կարող եմ ասել, որ նորաձևությունը շատ մոտ է մեր սրտին: Շվեդական նորաձևությունը հիմնված է կայունության վրա, իսկ սեքնդ հենդ խանութները մեզ համար դիտարկվում են որպես ոգեշնչման աղբյուր»,-ասաց դեսպանը:

Շվեդիայի դեսպանությունն աջակցում է Երևանի նորաձևության շաբաթի մի քանի ծրագրերի: Դեսպանը հատկապես կարևորում է հնացած ջինսերից ստացված հավաքածուի ցուցադրությունը, որին անհամբեր սպասում է: Երևանի նորաձևության շաբաթը, որն ավանդաբար համախմբում է դիզայներների, արվեստագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և նորաձևության սիրահարների, այս տարի հատկապես ընդգծում է նորարարության և մշակութային ինքնության կարևորությունը։

Նմանօրինակ ցուցահանդեսներ արդեն իսկ իրականացվել են աշխարհի առաջատար թանգարաններում՝ Լուվրում, Մետրոպոլիտենում և այլուր։

Նորաձևությունը թանգարանային միջավայրում ներկայացվել է որպես արվեստի մեկնաբանության յուրօրինակ ձև, ինչի շնորհիվ այն վերածվել է մշակութային երկխոսության կարևոր գործիքի։ Ցուցահանդեսը նախաձեռնել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը, Մշակույթի զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային պատկերասրահը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում