Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման
2 րոպեի ընթերցում

Երևանի քրեական դատարանի դատավճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դավիթ Համբարձումյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը։
«Դատարանը նաև վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք»,- գրել է Աթանեսյանը:
Դավիթ Համբարձումյանին 2018 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
2018 թվականի հուլիսին Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր, սակայն 2 ամիս անց ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործի նախաքննությունն ավարտվել էր 2019 թվականի փետրվարին։