Լանջիկի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման
2 րոպեի ընթերցում

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման 7 տարի 4 ամիս ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
«Քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն, իր վարած «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ՝ անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Դատախազը 2024 թվականի մայիսի 31-ին վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 7 տարի 4 ամիս ժամկետով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: