Եվրոպա

Բուլղարիան պատրաստ է Պուտինի ինքնաթիռին թույլ տալ Հունգարիա մեկնելիս անցնել իր օդային տարածքով

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան պատրաստ է Պուտինի ինքնաթիռին թույլ տալ Հունգարիա մեկնելիս անցնել իր օդային տարածքով

Բուլղարիայի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ռուսական ինքնաթիռին թույլ կտան թռչել երկրի օդային տարածքով՝ Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու համար, հայտարարել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը։

«Երբ ջանքեր են գործադրվում խաղաղության հասնելու համար, և դրա նախապայմանը նման հանդիպում անցկացնելն է, ապա առավել տրամաբանականն այս հանդիպմանը միջնորդելն է բոլոր հնարավոր միջոցներով», - ասել է Գեորգիևը հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում։

«Ինչպե՞ս է առաջարկվում հանդիպում անցկացնել, եթե մասնակիցներից մեկը չի կարող դրան մասնակցել», - հավելել է նա։

Միևնույն ժամանակ բուլղարացի պաշտոնյաներից մեկը Euractiv-ին հայտնել է, որ Մոսկվայի կողմից դեռ նման խնդրանք չի ստացվել։ Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ Բուլղարիան ընդհանուր սահման չունի Հունգարիայի հետ, սակայն Բուլղարիայի օդային տարածքով անցնելու միջոցով զգալիորեն կկրճատվեր Պուտինի թռիչքի տևողությունը։ 

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Թրամփը դրանից հետո հայտարարել է, որ երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որին կհետևի երկու երկրների նախագահների հանդիպումը Բուդապեշտում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին հայտարարել է, որ արդեն հանձնարարել է հանձնաժողով ստեղծել այդ գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում