Օրբանը հայտնել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին
1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են պլանավորում Բուդապեշտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Օրբանը գրել է X սոցիալական հարթակում:
«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հունգարիան խաղաղության կղզի է», - գրել է վարչապետը։
Ավելի վաղ արված գրառման մեջ Օրբանն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների պլանավորած հանդիպումը «հիանալի նորություն է աշխարհի բոլոր խաղաղասեր մարդկանց համար»։
«Մենք պատրաստ ենք», - հավելել է նա։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը Պուտինի հետ կայացած զրույցից հետո հայտարարել է, որ երկրները հաջորդ շաբաթ կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, ինչին կհաջորդի առաջնորդների հանդիպումը Բուդապեշտում։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ երկու երկրների ներկայացուցիչներն անհապաղ կզբաղվեն գագաթնաժողովի անցկացման նախապատրաստմամբ, օրինակ՝ Բուդապեշտում։