Վերլուծություն

Վրաստանի ընդդիմադիր լիդերների առջև ծառացել է միավորվելու և նոր օրակարգով հանդես գալու խնդիրը. Ջոնի Մելիքյան

6 րոպեի ընթերցում

Վրաստանի ընդդիմադիր լիդերների առջև ծառացել է միավորվելու և նոր օրակարգով հանդես գալու խնդիրը. Ջոնի Մելիքյան

Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանում ներքաղաքական իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, թեև տեղի են ունենում ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպված բողոքի ցույցեր, որոնք շարունակվում են տևական ժամանակ և տեղավորվում են խորհրդարանական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացների տրամաբանության մեջ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջոնի Մելիքյանն անդրադարձավ Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին հատկապես հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, երբ ընդդիմադիրները գրոհեցին նախագահական նստավայրը։  

«Վերոհիշյալ իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել է, շարունակվող ակցիաներն առաջնորդներ չունեն։ Ոմանք ձերբակալված են, ոմանց հետ կապված հարուցվել են վարույթներ։ Մարդիկ դուրս են գալիս փողոց, արտահայտում են իրենց բողոքը, սակայն որևէ կրիտիկական իրավիճակ չի ստեղծվում։ Կառավարությունն իր հերթին շարունակում է բնականոն կենսագործունեությունը։ Ընդդիմադիրների կողմից նախագահական նստավայրի գրոհը շատ վատ ազդեցություն ունեցավ՝ առաջացնելով բարդություններ հենց ընդդիմադիր լիդերների համար, ինչը ոմանց այդքան էլ հարկավոր չէր, ուստի այժմ տեսանելի է ընդդիմության շրջանում առկա ճգնաժամը»,- ասաց Մելիքյանը։ 

Նրա կարծիքով՝ Վրաստանում այժմ ընդդիմադիր լիդերների առջև ծառացել է միավորվելու և նոր օրակարգով հանդես գալու խնդիրը, ինչով էլ կարող է պայմանավորված լինել մոտակա ամիսների կամ տարիների նրանց գործունեությունը՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրորեն իշխող ուժն ուզում է արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը Վրաստանում։ Ըստ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ արդեն այդ հայտը պատրաստվում է։

«Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք ձևավորվել են նախկին իշխանությունների օրոք Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժման» անդամների կողմից, հետևաբար եթե իրավական գործընթացը շարունակվի, և Սահմանադրական դատարանն արգելի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա հետ աֆիլացված քաղաքական ուժերի գործունեությունը, ապա ընդդիմության ճգնաժամն ավելի կլրջանա, և գալիք 2028 թվականի համապետական ընտրություններից առաջ կզգացվի ընդդիմադիր որոշ կուսակցությունների պակասը, ու նոր օրակարգ ձևավորելու շատ լուրջ կարիք կլինի»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Մելիքյանի դիտարկմամբ՝ ճգնաժամի մեջ են նաև Վրաստան-ԵՄ հարաբերությունները, և կարիք կա նոր միջնորդության։ «Վրացական երազանք»-ի կողմից հայտարարությունների մակարդակով որոշ փորձեր արվում են իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։ Ըստ նրա՝ վերջին դեպքը, երբ Ֆինլանդիայի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը միացավ բողոքի ցույցին, իսկ Վրաստանի վարչապետն էլ դրանից հետո հրաժարվեց հանդիպել նրա հետ, ցույց է տալիս հարաբերություններում առկա ճգնաժամը։ Մելիքյանի համոզմամբ՝ ԵՄ-ից Վրաստանի հեռանալու հանգամանքը մարտահրավերներ է առաջացնում և բարդացնում Եվրամիության քաղաքականությունն ու օրակարգը մեր տարածաշրջանում, ուստի հարաբերությունների վերանայումը բխում է երկու կողմերի շահերից։   

«Գուցե, կարող է ինչ-որ բան փոխվել, եթե Վրաստան-ԱՄՆ երկխոսությունը վերսկսվի, թեև մյուս կողմից էլ երաշխիք չկա, որովհետև հարևան երկրում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ ղեկավար Շառլ Միշելը միջամտեց Վրաստանի ներքաղաքական գործընթացներին՝ փորձելով միջնորդի դերակատարություն ունենալ, ճգնաժամն ինչ-որ չափով մեղմվեց, բայց այսօր նման անձինք կամ կառույցներ դեռ չեն նշմարվում, որոնք կփորձեն Վրաստանի ու ԵՄ-ի շահերից և սերտ հարաբերություններ ունենալու տեսանկյունից կամուրջներ ստեղծել՝ օգնելով կողմերին դեէսկալացնել իրավիճակը, որպեսզի համագործակցությունը վերականգնվի»,- մանրամասնեց վրացագետը։  

Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանում կայացած վերջին ՏԻՄ ընտրությունները, որոնցում հաղթանակեց իշխող ուժը, նախորդ համապետական ընտրությունների տրամաբանական շարունակությունն են։

««Վրացական երազանք»-ն առավելագույն չափով ուժեղացնում է կառավարման կոնսոլիդացումը երկրում, ինչը ՏԻՄ ընտրություններից հետո կշարունակվի։ Այդ ամենը ժողովրդավարության տեսանկյունից իշխանությունների համար պարունակում է թե՛ ռիսկեր, թե՛ հնարավորություններ։ Մյուս կողմում համագործակցության չգնացող ընդդիմությունն է, որն իր ձախողված քաղաքականությամբ եկավ այս հանգրվանին։ Ընդդիմադիր առաջնորդների մեծ մասը չճանաչեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բոյկոտեց ՏԻՄ ընտրությունները, սակայն «Լելո» և «Գիրչի» կուսակցությունները որոշեցին մասնակցել ՏԻՄ ընտրություններին և դրանով իսկ մնացյալ ընդդիմությանը թույլ չտվեցին բարձրացնել ընտրական գործընթացի լեգիտիմության հարց»,-պարզաբանեց վրացագետը։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում