«Վարդան Բունի. մոռացված նվագարանագործը». Գրականության և արվեստի թանգարանը ցուցադրությամբ հիշեցրեց մեծ վարպետի մասին
5 րոպեի ընթերցում

«Վարդան Բունի. մոռացված նվագարանագործը» ցուցահանդեսում ընդգրկված են վարպետի ձեռագրային ժառանգությունը, նրա անձնական նվագարանները, ինչպես նաև այլ հեղինակների՝ արտաքին ձևով, չափերով և ձայնածավալով ԳԱԹ-ի նվագարանների հավաքածուում իրենց եզակիությամբ աչքի ընկնող երաժշտական
գործիքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված ցուցադրությունը բացվեց հոկտեմբերի 15-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի հոկտեմբերին նշվում են ոչ նյութական մշակութային ժառանգության օրերը։ Հայաստանն այդ օրերին միացել է 2006 թվականին։

«Վարդան Բունին ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակության, ավանդույթների ձևավորման և պահպանման գործում մեծ ներդրում է ունեցել։ Նա հեղաշրջում արեց ժողովրդական գործիքների և նվագախմբի հնչողության մեջ։ Վարդան Բունին այն նշանավոր արվեստագետներից է, որի անունն այսօր քիչ է հնչում. նրա մասին հիմնականում խոսվում է նեղ մասնագիտական շրջանակում։ Այս ցուցադրությամբ հարգանքի տուրք ենք մատուցում Բունիին, մարդու, որը փոխում էր երաժշտական գործիքների հնչողությունը և ժողովրդական նվագախումբը մոտեցնում էր սիմֆոնիկ նվագախմբին»,-ասաց Խոջամիրյանը։
Թանգարանի երաժշտական ֆոնդի ավանդապահ Մարինե Մուշեղյանն էլ շեշտեց՝ Վարդան Բունին մեծ ներդրում ունի ազգային նվագարանների կատարելագործման գործում, սակայն թանգարանը հնարավորություն չունի ցուցադրել վարպետի կատարելագործած նվագարանները, քանի որ դրանք այլ թանգարաններում են պահվում։

Ցուցադրության մեջ տեղ են գտել նրա պատրաստած երկու նվագարանները՝ հարվածային գործիքը՝ նաղարանը և քեմանին։
«Մեր ժողովրդական երաժշտության նվագարանային արվեստը շատ հարուստ է, և այդ սանդղակը շատ մեծ է, ուստի որոշեցինք մեր հավաքածուից ցուցադրել նվագարաններ, որոնք հազվադեպ, կամ երբևէ չեն ցուցադրվել։ Ունենք երկու շատ հետաքրքիր նմուշներ՝ վաղ քրիստոնեական շրջանի նվագարաններ։ Այդ գործիքների պատկերները կարելի է գտնել Մատենադարանում պահվող մանրանկարներում։ Վարպետը՝ Վլադիմիր Սմբատյանը, այդ պատկերների հիման վրա ստեղծել է նվագարան, որն ընկերները նրա պատվին անվանել են սմբատափող։ Այն հնչողությամբ նման է հոբոյին։ Սա ևս մի փաստ է, որն ապացուցում է ոչ միայն մեր երաժշտական մշակույթի հարստությունը, այլև նվագարանային արվեստի սանդղակի մեծությունը»,-պատմեց Մուշեղյանն ու հավելեց՝ մեր երաժշտական մշակույթի ուղին շատ դժվար է ընթացել, բայց պետք է շնորհակալ լինել ճակատագրին և այն նվիրյալներին, որոնք կարողացել են փոխանցել անցյալը դեպի ապագա։
Ցուցադրության մեջ ներառված հետաքրքիր ժողովրդական գործիքներից մեկը, որից երկրորդը կարծես թե չկա, այժմ չի օգտագործվում, իսկ մի քանիսը կիրառվում են՝ սակայն որոշ փոփոխությունների ենթարկված։ «Ցուցադրված է «Վիոլա» դասի պատկանող նվագարանը, որը լարերի քանակով նման է ջութակի։ Վարպետը Շահեն Երիցյանն է։ Այդ գործիքի հնչողությունն ինձ ծանոթ չէ։ Որքանով տեղյակ եմ՝ այդ գործիքից երկրորդը չկա, և այն չի օգտագործվում, պահվում է թանգարանում»,-ասաց ավանդապահը։
Ցուցադրության մեջ աչքի է ընկնում հետաքրքիր տեսքով ուդը. այն ռեզոնանսային կրկնակի լարերով է։ Մեր օրերում հիմնականում նվագում են գործիքի ներքևի լարերի վրա, ուշագրավ է նաև մանդոլինը, որի արտաքին կառուցվածքն է հետաքրքիր։
Կոմպոզիտոր, դիրիժոր, նվագարանների վերակառուցման հեղինակ Վարդան Բունին փորձում էր գտնել ժողովրդական նվագարանների նորացված հնչողություն՝ թառից մինչև դուդուկ, քանոնից մինչև զուռնա։
Նա ստեղծել է ժողովրդական նվագարանների ռեգիստրային տարատեսակները և փորձել ժողովրդական երաժշտությանը տալ սիմֆոնիկ շունչ՝ 1925 թվականին հիմնելով 35 երաժիշտ ունեցող «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը»։
Այս նվագախմբով Բունին Կովկասում արևելյան նվագախմբի հնչյունածավալի ընդլայնման գաղափարի առաջին իրագործողն էր։ Բունու գործիքներից ամեն մեկը եզակի է և արժեքավոր իր տեսակով։
Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր։