Մշակույթ

Սպասված ֆիլմեր, հատուկ հյուրեր, մրցույթ և շնորհանդեսներ. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է հարուստ գունապնակով

13 րոպեի ընթերցում

Սպասված ֆիլմեր, հատուկ հյուրեր, մրցույթ և շնորհանդեսներ. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է հարուստ գունապնակով

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնին սպասվում են մրցանակակիր անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր, որոնք կանցկացնեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետները, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։

Փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-25-ը Երևանում, կմեկնարկի Կինոյի տանը ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին 17-ամյա փառատոնի կարևորագույն ձեռքբերում համարեց մնայուն արժեքների ձևավորումը։ «Մի քանի տարի է՝ մենք օգնում ենք հայկական անիմացիոն ֆիլմերի արտադրությանը։ 2018-ին ստեղծվեց CoReAct համարտադրության հարթակը, որն այլ անուն ուներ։ Վարպետության դասեր կազմակերպելուց բացի անմիջապես աջակցում ենք ստեղծագործողներին ներկա լինել Անսիի միջազգային փառատոնին, ֆինանսական աջակցություն ենք տրամադրում նախագծերի զարգացման համար, որոնք հետագայում դիմում են կինոհիմնադրամների։ 2013 կամ 2015 թվականներին պատկերապատման ուղղությունը ևս մեզ վրա  վերցրինք։ Առաջին երկու տարին միայն ցուցահանդեսներ էինք կազմակերպում, իսկ հիմա նաև վարպետության դասեր և պատկերագրքերի հրատարակում»,-ասաց Քասունին։

Նրա խոսքով՝ եթե ամեն բան հաջողվի, շուտով հայերեն թարգմանված պատկերապատման յոթ գիրք կունենան։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ նախարարությունը կենտրոնանում է մի քանի փառատոնի վրա, ինչը դրանց անցկացումն ավելի արդյունավետ է դարձնում։ 

«Կինոյի ասպարեզում նման փառատոններից են «Ոսկե ծիրան»-ը, Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, անիմացիոն արվեստում՝ «ՌեԱ»-ն։ Ուշադրությունը կենտրոնացնելով արդեն իսկ կայացած փառատոնների վրա՝ մենք ավելի թիրախավորված ենք դարձնում Հայաստանի աշխատանքը միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա։

Ըստ Դանիելյանի՝ «ՌեԱ» փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման հարթակ չէ. այն խթանում է անիմացիոն կինոյի զարգացումը, հեռանկարներ է բացում երիտասարդ ստեղծագործողների առաջ։ 

«ՌեԱ»-ի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը հիշեցրեց՝ տարիներ շարունակ աջակցում են փառատոնին, որի՝ 17-րդ անգամ անցկացնելը խոսում է «ՌեԱ»-ի կայացած լինելու մասին։ 

«Փառատոնն անցկացվում է Երևանում, բայց ներառում է տարածաշրջանային լայն սպեկտոր։ Երևանում մեզ միանում են հեղինակություն վայելող մասնագետներ ամբողջ աշխարհից՝ մեր մայրաքաղաքը դարձնելով կինոինդուստրիայի  ներկայացուցիչների երկխոսության կարևոր հարթակ»,-շեշտեց նա և հավելեց՝ միշտ պատրաստ են աջակցել նման փառատոններին, քանի որ նման նախաձեռնությունների միջոցով Հայաստանն ու Երևանն ավելի ճանաչելի են դառնում, ամրապնդվում է երկրի դերը աշխարհի մշակութային քարտեզում։

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մեծ պատիվ համարեց այն, որ Կաննի, Բեռլինի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոններում իրեն մոտենում եմ մարդիկ ու խոսում «Ոսկե ծիրան»-ի, «ՌեԱ»-ի, Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնների մասին։ ««ՌեԱ»-ն և «Ոսկե ծիրան»-ը արդեն իրենց տեղն ունեն մշակութային քարտեզի վրա։ Շատ գործընկերներ են մեզ դիմում  փառատոններին մասնակցելու և  փորձի փոխանակման, սովորելու համար»,-ասաց Բանուչյանը։

Հիմնադրամի համար անիմացիան առանձնահատուկ ոլորտ է։ Նա ընդգծեց՝ 2026 թվականը անիմացիոն կինոժառանգության համար բեղմնավոր կլինի, քանի որ  օրեր առաջ ֆրանսիական սինեմատեկի հետ պայմանավորվածության արդյունքում 2026-ին համատեղ թվայնացնելու և վերականգնելու են տասը անիմացիոն ֆիլմ, ևս 15 ֆիլմ հիմնադրամն այլ գործընկերոջ հետ կթվայնացնի ու կվերականգնի։

Բանուչյանը շեշտեց, որ այս տարի անիմացիոն ֆիլմերի ֆինանսավորման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել. նախկինում ֆինանսավորում էին 50 մլն դրամ 1 անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, իսկ այժմ՝ 100 մլն դրամ 1 անիմացիոն ֆիլմի համար, սակայն երկու տարվա բյուջեի տրամաբանությամբ։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ 2023-ից են համագործակցում փառատոնի հետ։ «Մեզ համար կարևոր են  ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման ծրագրերը, այլև դեպի ապագա նայող նախագծերը, իսկ «ՌեԱ» փառատոնը խոսում է երիտասարդներին մոտիվացնելու, կրթելու, զարգացնելու և միջազգային հարթակներում ներկայացնելու մասին»,-ասաց Գաբրիելյանն ու իր հերթին կարևորեց  պատկերապատումների, համարտադրության հարթակները։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան նշեց՝ աջակցում են «ՌեԱ» փառատոնին, քանի որ  իրենց համար մշակույթը, արվեստը յուրաքանչյուր ազգի սիրտն են և ինքնատիպ են դարձնում մարդկանց ու ժողովուրդներին։ «Հարուստ մշակույթի շնորհիվ երկիրը միջազգային ճանաչում է ստանում։ Մենք շատ ենք արժևորում Հայաստանը որպես ԵՄ գործընկերության մի մաս և պատրաստ ենք աջակցել ամեն նախագծի, որը Հայաստանն ավելի հայկական է դարձնում, միևնույն ժամանակ՝ ավելի եվրոպական։ «ՌեԱ» փառատոնը, որն այսքան հաջող իրականացնում ենք, մեզ համար առաջնահերթություն է, և պատրաստ ենք աջակցել փառատոնին նաև ապագայում»,-շեշտեց Շտերբան։ 

Հիմնադրման օրից ի վեր փառատոնի կողքին է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որի մշակութային կցորդ, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսն ասաց՝ փառատոնը դարձել է միջազգային կինոգործիչների հանդիպման յուրահատուկ հարթակ, որը թույլ է տալիս բացահայտել անիմացիոն աշխարհի նորությունները,  երկխոսելու հայ և ֆրանսիացի գործիչների հետ։

Նա նշեց, որ փառատոնին ցուցադրվելու է ֆրանսիական տասը լիամետրաժ ֆիլմ։  Փառատոնը կմեկնարկի հենց ֆրանսիական կինոնկարով։ 

Երևանի «Գյոթե» ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է փառատոնի հետ, սակայն այս անգամ ոչ թե գերմանական ֆիլմերի ցուցադրություններով է զբաղվել, այլ հնարավորություն է ընձեռել Երևանում հյուրընկալել Գերմանիայից կինոգործիչների։ Ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գյուրզադյանը տեղեկացրեց՝ հրավիրել են բեռլինաբնակ գերմանահայ պրոդյուսեր Նորիկ Քեշինշյանին։ Նա աշխատում է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի վրա և ակտիվորեն ներգրավված է եվրոպական համարտադրության տարբեր ցանցերում և որպես ժյուրիի անդամ հանդես կգա CoReAct համարտադրության հարթակում և իր փորձը կփոխանցի ներկաներին։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Դրա շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։

Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն,  Սեսիլ Էրգո-Էսեյմը  և Օրելիան Ռեսանկուրը։

Փառատոնի շրջանակում, ԹՈՒՄՈ Կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի Elio ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա MarAni ֆորումի շրջանակում, ինչպես նաև կունենա վարպետության դաս ԹՈՒՄՈ-ում, իսկ Elio-ն հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։

ReA-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա MarAni ֆորումին։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը», հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։

MarAni-ի շրջանակում այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը։ Այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Փառատոնն այս տարի հյուրաշատ է։ 

Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։

Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որն ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։ Հոկտեմբերի 20-ին Բերբերյանը կանցկացնի աշխատարան, որտեղ մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործական աշխարհին։ Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է, որը հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Հայաստան  կժամանի անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան, որը հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագիծ, որոնց ցուցադրությունը տեղի կունենա  հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։ 

ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ, որոնց շնորհանդեսը տեղի կունենա ReA փառատոնի ընթացքում։ 

1․ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. Կամիր պաստառի մահապարտները» 

2․ Շառլ Բերբերյանի «Արևելյան Դաստիարակությունը»

3․ Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում»

4. Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ»

5. Լենա Դերունցի «Մխիթարանքը»։ 

«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին։ Այն խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում